Հայաստանը նվեր կստանա «Մոդեռնա» ընկերության 620 հազար 400 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր: Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և «Մոդեռնա» ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար»,-նշել է նախարարը:
Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:
Հոկտեմբերի սկզբին Հայաստանը ստացել էր «Մոդեռնա»-ի 50 հազար դեղաչափ պատվաստանյութ: Այն Հայաստանին էր փոխանցել Լիտվան: