2021թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57 և 29 տարեկան երկու հետիոտնի, որի հետևանքով վերջիններս տեղում մահացել են, իսկ նշված ավտոմեքենայի վարորդը, ավտոմեքենան թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով:
Ժամեր անց նշված ավտոմեքենայի՝ 1992թ. ծնված վարորդը ներկայացել է իրավապահներին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Երիտասարդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու կասկածանքով։
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել մահացածների դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: