Կառավարությունը որոշել է Արագածի լանջերին լեռնադահուկային հանգստյան համալիր կառուցելու հայտ ներկայացրած «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերության ներդրումային ծրագիրը մերժել և նույն տարածքում հաստատել 300 ֆերմերային տնտեսություններ ու էկոտուրիզմի կենտրոն հիմնելու մեկ այլ ներդրումային ծրագիր։ Այդ մասին «Լուրերի» հարցին պատասխանելով՝ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Արագածի լանջերը՝ կռվախնձոր
«Լուրերն» անցյալ ամիս անդրադարձել էր Արագածի հարավային գագաթի ուղղությամբ երկու ընկերությունների՝ «Արագեյթ ինվեսթմենթս» ՓԲԸ-ի ու «Ռիդ» ՍՊԸ-ի միջև սկիզբ առած հակասությանը։ «Արագեյթ»-ը ֆրանսիական MDP consulting and engineering և Société des 3 Vallées հայտնի ընկերությունների հետ 2020-ի սկզբից սկսել էր Արագածի լանջերին մոտ 5000 հա տարածքի վրա լեռնադահուկային խոշոր համալիր կառուցելու աշխատանքները։ Société des 3 Vallées-ը Ֆրանսիայում հայտնի Քուրշեվել խոշոր հանգստավայրի կառավարիչ ընկերությունն է, իսկ «Արագեյթ ինվեսթմենթս»-ի սեփականատերը խոշոր գործարար Նիկոլայ Սարկիսովն է։ Նույն տարածքում գյուղմթերքի արտադրություն, ջրամբարի շինարարություն, ինչպես նաև լեռնադահուկային հանգստավայր է նախատեսում կառուցել «Ռիդ» ՍՊԸ-ն, որի բաժնետերը «Ռուցոգ-ինվեստ» ընկերությունն է, որի սեփականատերն իր հերթին Ռուբեն Գրիգորյանն է՝ մոսկվաբնակ գործարար։ Երկու ընկերությունների ծրագրերի տարածքները համընկնում են՝ դրանք գտնվում են Բյուրական, Ուշի, Շենավան, Վարդենուտ, Ապարան բնակավայրերի տարածքում։ Կառավարությունը միջգերատեսչական հանձնաժողով էր ստեղծել՝ այդ վայրում ծրագրերից մեկին հավանություն տալու համար, և ինչպես տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարը, որոշվել է ընտրել «Ռիդ» ՍՊԸ-ի ծրագիրը։
«Հաղթել է «Ռուցոգ-ինվեստ»-ը, վարչապետի աշխատակազմը ևս հաստատել է»,- ասաց Քերոբյանը՝ վստահեցնելով, որ հանձնաժողովն ուսումնասիրել է մի շարք պարամետրեր, ըստ այդմ էլ որոշում կայացրել։ ««Ռուցոգ-ինվեստ»-ի ծրագիրը ագրոտուրիստական խոշոր համալիր կառուցելուն է վերաբերում։ Ամեն մի նախագիծ ուներ իր լավ ու վատ կողմերը, օրինակ՝ «Ռուցոգ-ինվեստ»-ի դեպքում սոցիալական կոմպոնենտն էր ավելի գերիշխում, իսկ մյուսը, իհարկե, առաջնակարգ համալիր էր։ Բայց նաև հաշվել ենք, թե որ նախագծի հետ կապված որքան ռիսկ կա, բոլորի համադրության արդյունքում ընտրվել է «Ռուցոգ-ինվեստ»-ը։ Կարող էր ընտրվել «Արագեյթ ինվեսթմենթս»-ը, և դուք գայիք հակառակ հարցերը տայիք»,- հայտարարեց Քերոբյանը։ Նրա խոսքով՝ առաջիկայում կշրջանառվի «Ռուցոգ-ինվեստ»-ի ներդրումային ծրագիրը, մեկ ամսվա ընթացքում կընդունվի համապատասխան որոշում կառավարության կողմից, ապա, ըստ ճանապարհային քարտեզի, ծրագիրը կմեկնարկի։
Վահան Քերոբյանի խոսքով՝ «Արագեյթ ինվեսթմենթս»-ը նախապես իմացել է, որ Արագածի այդ հատվածի հետ կապված հավակնություններ ունի մեկ այլ ընկերություն ևս, իսկ «Արագեյթ ինվեսթմենթս»-ին առաջարկվել է Հայաստանի այլ վայրում իրականացնել ներդրումային ծրագիր։
Լեռնադահուկային համալի՞ր, թե՞ ֆերմաներ
«Արագեյթ ինվեսթմենթս»-ը 2020-ի հունվարի 13-ին համագործակցության հուշագիր է ստորագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործուղել էր Ֆրանսիա։ Հուշագիրը ստորագրվել է հենց Քուրշեվել ձմեռային հանգստավայրում։ «Ռուցոգ-ինվեստ»-ը իր հերթին համագործակցության հուշագիր է կնքել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ մարտի 25-ին։ Այդ հուշագրով նախատեսվում էր Արագածի լանջերին կազմակերպել գյուղմթերքի արտադրություն, ջրամբարի կառուցում, կազմակերպել գյուղմթերքի շուկա, նաև՝ հիմնել լեռնադահուկային սպորտային ենթակառուցվածքներ՝ 30 կմ սահուղիներով, նաև ամառային հանգստավայր։ «Ռուցոգ-ինվեստ»-ի կողմից նախատեսված ներդրումները կազմում են 200 մլն դոլար։ Ընկերության ներդրումային ծրագրին հավանություն է տվել նաև Ապարանի ավագանին։
«Ռուցոգ-ինվեստ»-ը Ռուսաստանում մի քանի բազմաֆունկցիոնալ համալիրներ է կառուցել։ Հոլդինգում ներառված են ֆինանսական խումբը, շինարարական ստորաբաժանումները, նախագծող ու կառավարող ընկերություններ։ Կրեմլի մոտակայքում «Ռուցոգ-ինվեստը» կառուցել է «Նիկոլսկայա պլազա» բիզնես և առևտրի խոշոր կենտրոնը, Մոսկվայի Լուբյանսկայա հրապարակում գտնվող ST. Regis Moscow Nikolskaya հյուրանոցային համալիրը, Մոսկվայի հայկական թանգարանը, Olympic Plaza 1 և Olympic Plaza 2 բազմաֆունկցիոնալ կենտրոնները և այլն։ Գրիգորյանի անունը մամուլում հայտնվեց 2017-ին, երբ վերջինս պատրաստակամություն էր հայտնել ֆինանսավորել Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը։ Ռուբեն Գրիգորյանը գործող կառավարության մոլի քննադատներից է:
«Արագեյթ ինվեսթմենթս»-ի սեփականատերը նիկոլայ Սարկիսովն է՝ Լիոնում Հայաստանի նախկին հյուպատոսը։ Սարկիսովը նաև խոշոր գործարար է, նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 700 մլն դոլար, թեև նախկինում գործարարը միլիարդատեր էր։ Նիկոլայ Սարկիսովը եղբոր՝ Սերգեյ Սարկիսովի հետ ռուսաստանյան խոշոր ապահովագրական ընկերություններից մեկի՝ «Ռեսո»-ի սեփականատերն է: Սարկիսովների ընտանիքը ռուսաստանյան ամենահարուստ ընտանիքների ցուցակում է՝ 1.7 մլրդ դոլարի կարողությամբ։ «Արագեյթ ինվեսթմենթս»-ի ներդրումային ծրագրով Արագածի լանջերին պետք է լինեին 80 դահուկուղիներ՝ մոտ 126 կմ երկարությամբ, ճոպանուղի, զիփլայն, հյուրանոցներ, ռեստորաններ, խանութներ։ Լեռնադահուկային համալիրը նաև նախատեսում էր ունենալ ձմեռային սպորտի համար ուսուցման կենտրոններ։ Ընդհանուր առմամբ, ծրագրով կատարվելիք ներդրումները գերազանցելու էին 300 մլն դոլարը։ Համալիրի կառավարումն իրականացվելու էր Société des 3 Vallées ընկերության կողմից, իսկ որպես գործընկերներ հանդես էին գալու ֆրանսիական POMA ընկերությունը, որը ճոպանուղային տրանսպորտ արտադրող ընկերություն է ու սպասարկել է մի քանի ձմեռային օլիմպիական խաղեր, DCSA-ը, որը ճոպանուղիների տեղադրման ու վերահսկման գործում մասնագիտացված ընկերություն է ու ավելի քան 1000 նախագծերի հեղինակ, նաև՝ Ecole du ski Francais ֆրանսիական լեռնադահուկային դպրոցների ցանցը։
«Լուրերը» «Արագեյթ ինվեսթմենթս»-ից հետաքրքրվեց հանձնաժողովի որոշման ու Արագածի լանջերը ներդրումային ծրագրի նպատակով մեկ այլ ընկերության տրամադրելու կառավարության որոշման մասին։ Այստեղից տեղեկացրին՝ դիմել են էկոնոմիկայի նախարարություն՝ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, դրա համար հիմք հանդիսացած գնահատման համեմատական տվյալները, նաև հանձնաժողովի անդամների անհատական քվեարկության մասին տեղեկություններ ստանալու համար, սակայն պատասխան դեռևս չեն ստացել։