Թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել բացասական հետևանքների և Դոնբասում իրադրության ապակայունացման։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Զվեզդան։ «Մենք իսկապես առանձնահատուկ և լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտավախությունները, որ ուկրաինացի զինվորականներին զենքի նման տեսակների մատակարարումը կարող է հանգեցնել շփման գծում իրավիճակի ապակայունացման»,- ասել է Պեսկովը։ Ռազմական հակամարտությունների հարցերով փորձագետ Ալեքսանդր Կոտցի կարծիքով՝ Դոնբասի վրայով անօդաչու թռչող սարքերի թռիչքներն արգելված են բոլորի համար՝ բացի ԵԱՀԿ առաքելությունից, ուստի «Բայրաքթար»-ի առկայությունն ի սկզբանե մինսկյան պայմանավորվածությունների խախտում է։ Հիշեցնենք՝ ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ Դոնբասում օգտագործել են թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք, որը, ինչպես հայտնել է ուկրաինական կողմը, ոչնչացրել է հակառակորդի հրետանային համակարգը։ Տաթև Ֆռանգյան