«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին կայացել է «Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հետպատերազմյան իրավիճակը» թեմայով վեբինար հայ և իրանցի վերլուծաբանների մասնակցությամբ:
Վեբինարի ընթացքում շոշափվել են տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև հայ-իրանական համագործակցության խորացման հեռանկարները։
Իրանցի և հայ վերլուծաբաններն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող վտանգներին, առկա մարտահրավերներին:
Մասնակիցների թվում էին թուրքագետ Գևորգ Կալլոշյանը, իրանագետ Ժաննա Վարդանյանը, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, ռուսական և եվրասիական ուսումնասիրությունների ու միջազգային էներգետիկ քաղաքականության հարցերով փորձագետ Շոիբ Բահման, եվրասիական հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին, Կովկասյան ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Ջաֆար Խաշեն և միջազգային հարաբերությունների գծով գիտությունների թեկնածու Էհսան Մովահեդիան։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում Թուրքիայի հետապնդած նպատակների մասին զեկույց է ներկայացրել թուրքագետ Գևորգ Կալլոշյանը: Նա մասնավորապես անդրադարձել է Թուրքիայի կողմից «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շահարկմանը, ռեգիոնալ խնդիրները նոր ձևաչափերով լուծելու Թուրքիայի մտադրություններին:
Ըստ թուրքագետի՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նպատակը, ցավոք, տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատումը կամ դրան նպաստող քայլերի ձեռնարկումը չէ։ Թուրքիայի հիմնական նպատակը, օգտվելով ստեղծված իրավիճակից, տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն ամբողջությամբ իր օգտին փոխելն ու գերիշխող դիրք ձեռք բերելն է։ Այս քաղաքականությունը, որը պարունակում է նեոօսմանիզմի և ծավալապաշտության տարրեր, իրականացվում է քաղաքական, տնտեսական և ռազմական ճանապարհներով։
Տարածաշրջանի երկրների հիմնական խնդիրն է կասեցնել Թուրքիայի վտանգավոր նկրտումների իրականացումը, որոնք սպառնում են տարածաշրջանի կայունությանը և բազմաթիվ երկրների կենսական, ազգային շահերին։