Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարներն անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թայլանդը ներկայացնող բռնցքամարտիկին՝ մինչդեռ մեր մարզիկը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, և, իրականում, ի նշան հաղթանակի, պետք է բարձրացնեին հենց Բաչկովի ձեռքը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
«Մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան՝ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ, բողոքարկել է մրցավարների անարդար որոշումն ու հետամուտ եղել արդարության վերականգնմանը: Ի վերջո, մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է, ու քառորդ եզրափակչի Բաչկով-Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:
Այսպիսով՝ պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում հայ մարզիկի նկատմամբ արձանագրված անարդար որոշումը փոխվում է, և հաղթանակը վերադարձվում է մեզ: Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Դա նշանակում է, որ երկու բրոնզե մեդալն ապահովված է: Սա նույնպես բացառիկ երևույթ է հայկական բռնցքամարտի պատմության մեջ»,- ասված է հայտարարությունում: