Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mini Cooper-ն ու «Գրանդ Տոբակո» ընկերության Isuzu-ն. Isuzu-ն տապալել է էլեկտրասյունը և կողաշրջված հայտնվել դաշտում

   Այսօր՝ նոյեմբերի 3-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում  Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի Սիլիկյան թաղամասի վարչական  տարածքում բախվել են Երևանի բնակիչներ Գոռ Ալավերդյանի վարած Mini Cooper-ն ու  54-ամյա Արթուր Ասրյանի  վարած  Isuzu-ն: Բախման հետևանքով Isuzu-ն  դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել էլեկտրասյունը և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել  Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի   պարեկները՝  գումարտակի հրամանատարի տեղակալ  Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի և ավագ պարեկներ Արտակ Մխոյանի, Հուսիկ Խեչիբաբյանի գլխավորությամբ:  Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ  Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:  Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:  Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ ավտոմեքենան պատկանում է «Գրանդ Տոբակո»  ընկերությանը:

shamshyan.com