2022 թ. 34.7 միլիարդ դրամ կուղղվի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը

  2022 թվականին 34.7 միլիարդ դրամ կուղղվի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը: Այս մասին ԱԺ աշխատանքի և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի համար 2022 թվականի պետական բյուջեով ներկայացվել է 579.9 միլիարդ դրամի հայտ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 76.7 միլիարդ դրամով, սակայն սրանից 36.2 միլիարդը կուղղվի կուտակային հատկացումների մասնակցի կենսաթոշակային հաշվին, իսկ 34.7 միլիարդը ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն է»,- ասաց նախարարը:

Նախարարը ներկայացրեց նաև պարգևավճարներ և պատվովճարներ ծրագրի վերջնական արդյունքը: Ծրագրի 2020-ի փաստացի ծախսը կազմել է 11 միլիարդ դրամ, իսկ շահառուների թիվը՝ 34 հազար 521 անձ:

«2021-ի պետական բյուջեով այս նպատակով հատկացված է եղել 11.3 միլիարդ դրամ, իսկ շահառուների թիվը կանխատեսվել է 36 հազար 437 անձ: 2022 թվականի համար այս մասով նախատեսվում է 11 միլիարդ դրամ՝ 35 հազար 430 շահառուի համար»,- ասաց նախարարը: