Ֆրանսիական «Le Monde» թերթի «Ո՞ւր է գնում Թուրքիան» հոդվածում, նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջանում է պատմության մեջ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի նման հետք թողնել, մինչդեռ վերջերս քամին սկսել է հակառակ ուղղությամբ փչել։
Ermenihaber-ը ստորև ներկայացնում է մեկ հատված այդ հոդվածից։
«Գաղափարական պատկանելությունն աստիճանաբար առաջ անցավ Էրդողանի վաղ պրագմատիզմից և սկզբնական կամավոր նախաձեռնություններից: Հետադարձ հայացքով, Հին մայրցամաքում խարիսխ գցելու ցանկությունը, որը նա բարձրաձայն և բացահայտ հայտարարել էր անցյալում, կարծես մարտավարություն էր բանակը [կառավարման համակարգից-թարգմ․] հեռացնելու համար, որն իրականում խոչընդոտում էր նրա երթը դեպի բացարձակ միապետություն (աբսալուտիզմ):
Իր քննադատների կողմից որպես նոր սուլթան բնորոշվող Էրդողանը ստեղծեց նախագահական համակարգ, որը հարմար է իր նպատակներին։ Նա մեկն է, ով կանանց ասում է, թե քանի երեխա պետք է ունենան նրանք և միաժամանակ նշանակում է բոլոր նախարարներին ու պարտադրում է դրամավարկային քաղաքականություն։ Էրդողանի երազանքը պատմության մեջ այնպիսի հետք թողնելն է, ինչպիսին թողել է հանրապետության հիմնադիրը՝ Աթաթյուրք անունով հայտնի Մուստաֆա Քեմալը, որի ժառանգությունն Էրդողանը երբեք չի դադարել ժխտել։
2019թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, սակայն, նրա առաջնորդած Արդարություն և զարգացում կուսակցությունը շատ մեծ քաղաքներ, այդ թվում՝ Ստամբուլն ու Անկարան զիջեց քեմալական ընդդիմությանը։ Այժմ արժութային ճգնաժամի և երկնիշ գնաճի պատճառով նրա մրցակիցների ճամբարը զգալիորեն ընդլայնվել է»։