Լոնդոնում Ալիևի անշարժ գույքը նկարահանելիս հարձակվել են ադրբեջանցի բլոգերի ավտոմեքենայի վրա

  Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, Azad Soz ալիքի հիմնադիր Թուրալ Սադիգլին հայտարարել է, որ Լոնդոնում հարձակվել են իր ավտոմեքենայի վրա, գրում է «Թուրան»-ը։ Azad Soz յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութում բլոգերը հայտնում է, որ Լոնդոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող անշարժ գույքը նկարահանելիս կայանատեղիում հարձակվել են իր մեքենայի վրա, կոտրել ապակին։ Մեքենայից գողացել են Սադիգլիի համակարգիչը, որից հետո նա ջնջել է սոցցանցերում իր օգտահաշիվները։ Բլոգերը դեպքի առնչությամբ դիմել է Լոնդոնի ոստիկանություն։ Նա նաև հայտարարել է, որ երեք շաբաթ է, ինչ ազդարարել է իր՝ Լոնդոն մեկնելու և Ալիևների անշարժ գույքը նկարելու մասին, ինչից հետո սպառնալիքներ է ստացել։ «Ինձ սպառնում էին սպանել, Ադրբեջանում իմ ընտանիքի անդամների համար խնդիրներ ստեղծել»,- ասել է Սադիգլին։ Նա ավտոմեքենայի վրա հարձակումը համարում է այդ սպառնալիքների շարունակությունը։ Բլոգերն Ադրբեջանի իշխանություններին մեղադրում է իր նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու համար։ Նա նաև հայտարարել է, որ շարունակելու է կոռուպցիոն փաստերի հետաքննությունները։ Նշենք, որ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը հոկտեմբերին հրապարակել էր «Պանդորայի փաստաթղթեր» անվանումով հետաքննությունը՝ համաշխարհային առաջնորդների ապօրինի ծագման միջոցների մասին։ Ըստ հետաքննության՝ Ադրբեջանի նախագահի ընտանիքն օֆշորային ընկերությունների մեծ ցանց է կառավարում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ապօրինաբար բազմամիլիոնանոց անշարժ գույք է ձեռք բերել։ Հավելենք նաև, որ արտասահմանում բնակվող Իլհամ Ալիևին քննադատող ադրբեջանցի ընդդիմադիրներն ու բլոգերները հաճախակի են հարձակումների ենթարկվում։ Բլոգերների շրջանում նաև մահեր են գրանցվել, որոնք մնում են չբացահայտված։ Էմմա Չոբանյան

 factor.am