Կատարելով անգլոսաքսոնական ուժերի ցանկությունը՝ Թուրքիան սոսկ կամակատար չէ, այլ դրան համապատասխանեցնում է իր հետաքրքրությունները եւ ձգտում օգուտ ստանալ ամեն ինչից: Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից դուրս մղելու իր քաղաքականության մեջ նա խորհում է միայն տարածաշրջանը սեփական վերահսկողության տակ վերցնելու մասին եւ իր գործողությունները պլանավորում է այդ տրամաբանությամբ: Անցումը լատինական այբուբենին ոչ միայն ռուսական աշխարհից Կենտրոնական Ասիայի երկրների դուրսբերում է նշանակում, այլ նաեւ ռուսաց լեզվի՝ որպես ազգամիջյան հաղորդակցության միջոցի վերջնական մերժում: Ի՞նչ է սա նշանակում: Պատասխանն ակնհայտ է, թե առօրյա կյանքում ինչ լեզվով են շփվելու ղազախներն ու ուկրաինացիները, ուզբեկներն ու բելառուսները, տաջիկներն ու մոլդովացիները։ Ճիշտ է՝ ոչ մի: Սա հետխորհրդային տարածքի, Ռուսական կայսրության ժառանգության վերջնական ոչնչացումն է եւ ամբողջ եվրասիական տարածքի բաժանումը փոքր անօգնական պետությունների՝ առանց հարյուրամյակներով միավորվելու հնարավորության։ Բայց հարեւանները՝ ղազախներն ու ուզբեկները, տաջիկներն ու ղրղզները, թուրքմեններն ու կարակալպակները ստիպված կլինեն միմյանց հետ շփվել։ Հենց այստեղ է, որ օգնության կհասնի թուրքերենը, եւ կարեւոր չէ, որ այն նույնիսկ ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկը չէ: Թուրքերենը պարզապես կմիավորի մարդկանց։ Դա արդեն ոչ թե զանգակ է Ռուսաստանի համար, այլ ուժեղ զանգ. թյուրքալեզու պետությունների խորհրդի նոյեմբերյան գագաթնաժողովում այդ խորհուրդը կարող է վերածվել Թյուրքալեզու պետությունների միության՝ նրան Թուրքմենստանի միանալուց հետո։ Դա եւս մեկ քայլ է Մեծ Թուրանի ստեղծման ուղղությամբ։ Եվ եթե նույնիսկ հիմա նման բան տեղի չունենա, պարզ է, որ դա ընդամենը ժամանակի հարց է։ Թուրքմենստանը պատրաստ է միանալ թյուրքական խորհրդին, եթե հատուկ կարգավիճակ ստանա, ինչը, սակայն, նախատեսված չէ այդ կառույցի կանոնադրությամբ: Սակայն կասկած չկա, որ կստանա, ինչպես իր երկրի համար ժամանակին ԱՊՀ-ում համանման կարգավիճակ ստացավ երկրի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովը: Միեւնույն ժամանակ հետաքրքիր է, որ Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանը լոբբինգ են իրականացրել, որպեսզի Թուրքմենստանը միանա թյուրքական խորհրդին: Իհարկե, սա հազվադեպ միասնություն է: Ռուսական նման բնույթի առաջարկները հատուկ էնտուզիազմով չեն ընդունվել ու ընդունվում: Եվ հենց այսպես են փլուզվում կայսրությունները: Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում հետխորհրդային տարածքի վերլուծությունը շարունակվում է աճող ինտենսիվությամբ ու, ցավոք, զգալի արդյունքներով՝ հօգուտ Անկարայի: Իսկ Մոսկվան քնած է, ինչը զարմացնում է ոչ միայն նույն տարածքի երկրներին, այլեւ նույն ռուսական քաղաքական տարբեր շրջանակների: Եվ այս իրավիճակում Թուրքիան լցնում է տարածաշրջանում առաջացած դատարկությունը, քանի որ ռուսական ինտեգրացիոն նախագծերը պարզապես չեն գործում: Թուրքիան կայսրություն կառուցելու նոր հնարավորություն ունի, այդ թվում՝ Ռուսաստանի ու Հայաստանի հաշվին: Եվ պատահական չէ, որ արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիան ամեն բան արեց, որպեսզի Ադրբեջանն առավելության հասնի: Թուրքիան արդեն մտնում է Կասպից ծով: Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ կնքված Շուշիի պայմանագիրը նախատեսում է ռազմական այնպիսի համագործակցություն, որը Թուրքիայի համար բացում է դեպի Կասպից ծով տանող ճանապարհը: Եվ շուտով թուրքական ռազմաբազաները կհայտնվեն Կասպից ծովում, իսկ դրանք պարզապես կլինեն ՆԱՏՕ-ի ռազմաբազաները: Հասկանալի է, որ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները «չեն այրվում ցանկությամբ»՝ ընդգրկվելու պետական նոր կազմավորման մեջ, սակայն չի կարելի մոռանալ, որ Կենտրոնական Ասիայի երկրներից շատերը պարտք են Չինաստանին ու ոչ մի հնարավորություն չունեն ինքնուրույն ազատվելու պարտքային այդ սարդոստայնից: Ոչ թյուրքալեզու Տաջիկստանի հետ կապված հարցը կարելի է լուծել բարիդրացիական ճանապարհով՝ տալով նրան դիտորդի կամ «լավագույն ընկերոջ» կարգավիճակ՝ միավորման անդամի իրավունքներով: Վիզաների չեղարկումը Տաջիկստանի քաղաքացիներին հնարավորություն կտա մեկնել Թուրքիա՝ գումար վաստակելու համար: Իսկ ազգությամբ տաջիկ աշխատանքային միգրանտները տարեցտարի իրենց ավելի վատ են զգում Ռուսաստանում, ուզբեկների մեծ մասն արդեն չի տիրապետում ռուսերենին: Ղազախստանում ու Ղրղզստանում թուրքական դպրոցները ռուսականների բացակայության ֆոնին շատ տարածված են: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի հոդվածում, որը «Defense One»-ում հրապարակվել է 2021 թ. հոկտեմբերի 17-ին, ասված է, որ թուրքական ռազմական ներկայությունն օգնել է փոխել ուժերի հարաբերակցությունը Մեծ Եվրասիայում՝ հօգուտ անդրատլանտյան միավորման, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն ընդհանուր հետաքրքրություններ ունեն, այդ թվում՝ Ասիայում ու Սեւ ծովի ավազանում: Այս ֆոնին Ղրղզստանի կողմից թուրքական անօդաչու սարքերի ձեռքբերումը պարզ առեւտրային գործարք չէ, իսկ լեզվային պարեկությունը Ղազախստանում՝ մեկ անձի նախաձեռնություն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդումները՝ վերանայելու համաշխարհային քաղաքականության հիմքերը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, հաստատում են թուրքական ղեկավարության անզուսպ հավակնությունները, մի շարք երկրների դեսպաններին Թուրքիայից վտարելու սպառնալիքն ազդանշան էր իսլամական աշխարհին, որ Արեւմուտքի հետ դաշինքը չի ազդի Թուրքիայի՝ որպես իսլամական գերտերության դիրքավորման վրա։ Բայց կենտրոնասիական հանրապետությունները կարո՞ղ են լրջորեն վստահել Անկարային, երբ նա մի կողմից համագործակցում է Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ԱՄՆ քաղաքականության վարողն է։ Օգտագործել ՆԱՏՕ-ի հնարավորություններն ու «հովանոցը»՝ առաջ մղելու սեփական շահերը Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Եվրասիայում եւ միեւնույն ժամանակ «պերսոնա նոն գրատա» հայտարարել ՆԱՏՕ-ի առանցքային երկրների դեսպանների՞ն։ Նման անհամապատասխանությունների ցանկը բավական մեծ է։ Կենտրոնական Ասիայի երկրներն իրենք պետք է որոշեն, թե ինչ ճանապարհ ընտրեն, որ լեզուն ընտրեն միջէթնիկական հաղորդակցության համար առօրյա կյանքում եւ որ քաղաքակրթական պարադիգմում տեսնեն իրենց երեխաների ապագան: Թուրքիայի ներթափանցումը Կենտրոնական Ասիա տեղի է ունենում Ռուսաստանի պասիվության պատճառով։ Տարածաշրջանում նրա ռազմական ներկայությունն ամրացված չէ այլ հարցերի շուրջ համագործակցության հստակ վեկտորով։ Վրդովմունքն ու թյուրըմբռնումը կուտակվում են ոչ միայն Կենտրոնական Ասիայի երկրների վերնախավում, այլեւ սովորական մարդկանց մոտ, ովքեր չեն կարողանում գտնել իրենց ապագայի հարցի պատասխանը ռուսական աշխարհի ուղեծրում գտնվելու հեռանկարի համատեքստում։ Մինչդեռ Թուրքիան առաջարկում է հստակ քաղաքականություն եւ հեռանկարներ, թեեւ զարդարված կեղծիքներով ու քարոզչությամբ: Կենտրոնական Ասիայի թուրքացումից հետո թուրքերի հայացքն անխուսափելիորեն կուղղվի դեպի Ռուսաստանի համապատասխան շրջաններ, ինչը բացասական հետեւանքներ կառաջացնի առաջին հերթին ռուսական պետության համար։ Թուրքիան ճիշտ դասեր է ստացել եւ դրանք կիրառում է գործնականում: Ռոմանագերմանականի նկատմամբ անգլոսաքսոնական աշխարհի հաղթանակում հսկայական դերը պատկանում է ոչ միայն փողին, այլեւ Հոլիվուդին, մարդիկ ցանկանում են հավատալ հեքիաթին։ Մի խոսքով՝ Թուրքիայի խաղը վարվում է անհրաժեշտ բոլոր որակներով։ Թուրքիան դրան հասնելու նպատակ ու կամք ունի։ Իսկ Ռուսաստա՞նը…
hhpress.am