Մոսկվայում ավարտվել է կորոնավիրուսի դեպքերի աճի դեմ պայքարի նպատակով մայրաքաղաքի իշխանությունների կողմից հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը մտցված սահմանափակումները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր էին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը զգուշացրել է, որ նոյեմբերի 8-ից Մոսկվայում կարգելափակվեն կորոնավիրուսի դեմ չպատվաստված 60 տարեկանից բարձր անձանց սոցիալական քարտերը։ Սա չի վերաբերվի վերջին վեց ամիսների ընթացքում COVID-ով հիվանդացածներին։ Այսօրվանից այցելուների համար բաց կլինեն մայրաքաղաքի թատրոններն ու թանգարանները՝ QR կոդերի, պաշտպանիչ դիմակների պարտադիր օգտագործմամբ և տարածքի 70 տոկոս զբաղվածությամբ։ Մինչդեռ Ռուսաստանի հինգ շրջանները, որտեղ նույնպես«արձակուրդ» էր հայտարարված, որոշել են երկարաձգել ոչ աշխատանքային օրերը ևս մեկ շաբաթով՝ մինչև նոյեմբերի 13-ը։ Դրանք են Նովգորոդի, Տոմսկի, Չելյաբինսկի շրջանները, Խաբարովսկի երկրամասը և Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանը։