Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի Արցախ կատարած այցին՝ այն անվանելով «ռազմաքաղաքական սադրանք», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հայաստանի ՊՆ ղեկավարի այցն «Ադրբեջանի տարածք» առանց թույլտվության, հանդիպումների անցկացումը «հայկական անօրինական կազմավորումների» հետ և նրանց մարտական պատրաստվածության մասին կարծիք հայտնելը հանդիսանում է ռազմաքաղաքական սադրանք»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։ Նշվում է, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իբր, այդպիսով «խախտում է եռակողմ հայտարարության դրույթները, ձգտում ապակայունացնել իրավիճակն ու ստվեր նետել ռուս խաղաղապահների գործունեության վրա»։ «Հայաստանի ՊՆ-ի այս այցը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է ուղղակի աջակցություն ցուցաբերել «Ադրբեջանի տարածքում անօրինական հայկական զինված կազմավորումներին, ահաբեկչական ակցիաներին և ագրեսիվ անջատողականությանը։ Միևնույն ժամանակ «Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես ռուս խաղաղապահներն են տեղակայված» շարունակում է մնալ Հայաստանի ԶՈՒ-ի տարրերի ներկայությունը»,- ասվում է հայտարարությունում։ Ադրբեջանի ՊՆ-ն, հավատարիմ մնալով իր ահաբեկչական ու հանցավոր գործելաոճին, ուղղակի սպառնում է ՀՀ պաշտպանության նախարարին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը։ «Ցանկանում ենք հիշեցնել ՀՀ ՊՆ-ին իր նախկին գործընկերների ու այլ հայ գեներալների ճակատագրի մասին, որոնք հանդես էին գալիս ուտոպիստական հայտարարություններով՝ «Օհանյանի անանցանելի գծերի», «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմացի» մասին։ Զգուշացնում ենք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ նման անօրինական այցերի կրկնության դեպքում, ղեկավարվելով Ադրբեջանի օրենքներով, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ ագրեսիվ «անջատողականության ու ահաբեկչական սադրանքները կանխելու նպատակով»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն: ԱՀ Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։