Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում թուրքական զինված ուժերի հնարավոր հարձակման վտանգի տակ գտնվող գյուղերի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Սիրիայի դեմոկրատական ուժերից հաղորդվող տեղեկության համաձայն՝ մինչ այժմ Թել Թամեր և Այն Իսա շրջանների միջև գտնվող 15 գյուղ ամբողջովին դատարկվել է։
Սիրիայի դեմոկրատական ուժերի մամուլի խոսնակ Ֆերհադ Շամին, խոսելով այն մասին, որ Թուրքիան նոր ռազմական օպերացիա է նախապատրաստում, նշել է․
«Բռնազավթիչ թուրք զինվորների և զրահապատ մեքենաների ուղեկցությամբ հարյուրավոր վարձկաններ տեղակայվել են տարբեր խաչմերուկներում։ Բազմիցս փորձել են սադրել մեր ուժերին»։
Թել Թամերի մոտ գտնվող Այն Աբիդ գյուղի 52-ամյա բնակիչ Աբդուլքերիմ Ահմեդը քրդական լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ վախենում է թուրքերի հնարավոր հարձակումից։
«Մարդիկ միանշանակ վնաս են կրելու։ Ստիպված են լինելու լքել իրենց տները և գաղթել։ Կորցնելու ենք մեր ապրուստի միջոցը»,-ընդգծել է նա և կոչ արել միջազգային հանրությանը կանխել հնարավոր պատերազմը։
ermenihaber.am