ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է, որ ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց. «Մենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»:
Այսպիսով` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նաև հունվարի 6-ը:
«Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունն առաջարկել էր հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային՝ նշելով, որ նախարարի խոսքում չլսեց որևէ գնահատական, կարծիք: Պատգամավորը հիշեցրեց, որ Մայր Աթոռը ևս առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը: Նա հետաքրքրվեց այս առաջարկի առնչությամբ կառավարության արձագանքով, վերաբերմունքով:
Նախարարը վստահեցրեց, որ ընդհանուր դիրքորոշումը ձևավորելիս հաշվի են առնում առաջարկները: Անդրադառնալով Մայր Աթոռի առաջարկներին՝ նախարարը վստահեցրեց, որ դա ևս մանրամասն քննարկել են: «Էկոնոմիկայի նախարարությունը նաև շատ կարևորում է պետություն-մասնավոր երկխոսությունը, և նախագիծը քննարկվել է նախարարության ՓՄՁ ենթախորհրդում, բազմաթիվ ասոցիացիաների հետ հանդիպումների ընթացքում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, այն փիլիսոփայությունը, որ դրել ենք այս օրենքի փոփոխության մեջ, որոշում է կայացվել այսպիսի տարբերակով առաջ գնալ»,-ասաց Քերոբյանը՝ հիշեցնելով, որ հանձնաժողովում առաջարկները պետք է քննարկվեն և քվեարկվեն:
«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի կարծիքով՝ Մայր Աթոռի կողմից ներկայացվող առաջարկները պետք է ջանասիրաբար քննարկման առարկա դառնան, դրանց էական նշանակություն տրվի: Նա հիշեցրեց, որ նման նախագիծը դեռ մշակվել էր 2017-2018 թթ՝ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից: «Սակայն, այդ նախագծի շրջանակներում էլ հաշվի էր առնվում մեռելոցի օրվա հետ կապված տրամաբանությունը և խորհուրդը: Հիմա այս պարագայում ինչու՞ է դրան այդպիսի դիմադրություն ցուցաբերվում, ինձ համար հասկանալի և ընդունելի չէ: Ինչ պետք է լինի, որ այսպիսի դիմադրություն դրա նկատմամբ ցուցաբերվի՝ առավել ևս պատերազմից հետո»,-ասաց պատգամավորը:
Նախարար Քերոբյանը, անդրադառնալով Վարդևանյանի՝ «առավել ևս պատերազմից հետո» արտահայտությանը՝ ասաց. «Հայտի հայտարարությունից անցել է ուղիղ 1 տարի: Դրա մեջ նշված է նաև 5 տարի ժամկետ՝ որոշակի գործողություններ անելու համար: Եվ ակնհայտ է, որ Հայաստանը պետք է այդ 5 տարվա մեջ մաքսիմալ ուժեղանա: Այդ տեսանկյունից «առավել ևս պատերազմից հետո» արտահայտությունը մենք ընկալում ենք, որ պետք է միայն հնարավորինս շատ աշխատել, ամրապնդվել, որպեսզի այն մարտահրավերները, որոնք կան, կարողանանք հաղթահարել: Մեր զոհված եղբայրների հիշատակը լավագույնս պատվելու եղանակը հզոր հայրենիք ունենալն է»:
«Հայաստան» խմբակցության առաջարկը նախարարը չընդունեց: Լրամշակված նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: