Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգը կայցելի Թուրքիա

 Արաբական Միացյալ Էմիրությունների  (ԱՄԷ) թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը նոյեմբերի 24-ին այցելելու է Թուրքիա: Նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ: Սպասվում է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը:

Տնտեսական համագործակցության տեսանկյունից նշվել է, որ ԱՄԷ թագաժառանգը պատրաստվում է 10 մլրդ դոլարի ներդրումներ կատարել Թուրքիայում: Ermenihaber-ի փոխանցմամբ, երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգում ներառված է լինելու ԱՄԷ-Թուրքիա նոր տրանսպորտային ուղու գործարկման հարցը:

Ըստ այդմ՝ ԱՄԷ-ն ցանկանում է Սուեզի ջրանցքով Շարժայից դեպի թուրքական Մերսին նավահանգիստ ուղին փոխարինել ԱՄԷ-Իրան-Թուրքիա ճանապարհով: Պատճառն այն է, որ Սուեզի ջրանցքով դեպի Թուրքիա երթուղին տևում է 20 օր, իսկ Իրանով՝ 6-8 օր:

Ըստ հրապարակման՝ Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄԷ-ի հետ այդ հարցով համաձայնության են եկել:

Մեկ այլ կարևոր հարց էլ վերաբերում է  երկկողմ հարաբերությունների լարվածության նվազեցմանը:

Հիշեցնենք, որ այս երկրների միջև հարաբերությունները լարվել էին Եգիպտոսում ռազմական հեղաշրջման փորձին ԱՄԷ-ի ցուցաբերած աջակցությունից հետո: Լարվածությունը էլ ավելի էր խորացել 2016 հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, քանի որ Թուրքիան ԱՄԷ-ին մեղադրում էր հեղաշրջման փորձի կազմակերպման գործում մասնակցություն ունենալու մեջ:

 

armtimes.com