Օրերս Ճամբարակում պայմանագրային զինծառայող 29-ամյա Գեւորգ Ավետյանը նախքան մահացու հրազենային վիրավորում ստանալը ենթարկվել է բռնության։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Սույն թվականի նոյեմբերի 15-ի առավոտյան՝ ժամը 09:40-ի սահմաններում, դիրքի կացարանում Գեւորգ Ավետյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր որովայնի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացել է միջանցիկ մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ճամբարակի հիվանդանոց: Ստացած վիրավորումների հետեւանքով մեկ օր անց 29-ամյա պայմանագրային զինծառայողը մահացել է:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Պարզվել է, որ հոկտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 15-ը ներառյալ մարտական հերթապահություն կատարելու ընթացքում Գեւորգ Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսեւորել պայմանագրային զինծառայող Ա. Ս.-ն, վերջինս պարբերաբար նվաստացրել է տուժողի պատիվն ու արժանապատվությունը:
Ա. Ս.-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածով (զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով): Ա. Ս.-ն ձերբակալվել էր։ Պարզվել է նաեւ, որ վերոնշյալ արարքը կատարած անձն ու տուժողը Ճամբարակից են:
Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր, այնուհետեւ՝ կալանավորվել եւս մեկ պայմանագրային զինծառայող՝ Ա. Ա.-ն։
Պարզվում է՝ նույն օրը՝ նախքան Գեւորգի ինքնասպանությունը՝ ժամը 09:20-ի սահմաններում, զորամասի ճաշարանում ճամբարակցի Ա. Ս.-ն եւ Ա. Ա.-ն մարտական հենակետում ծեծել են մեկ այլ զինծառայողի՝ (Ա. Ա.-ին) եւս: Վերոնշյալ անձինք Գեւորգից ինտերնետային կապ են ուզել, սակայն երիտասարդի մոտ եղած քարտը չի գործել: Վեճ է սկսվել, որից հետո էլ՝ ծեծկռտուք:
Նրանցից մեկը՝ Ճամբարակի բնակիչ Ա. Ս.-ն, անցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ պետի կամ հրամանատարի կողմից ստորադաս զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով։
Ինչ վերաբերում է ձերբակալված մյուս զինծառայողին՝ Ա. Ա.-ին, ապա վերջինս անցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված գործով, այն է՝ մի խումբ անձանց կողմից՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ վերոնշյալ երկու անձինք կալանավորված են: