Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ պատվաստանյութ ստանալուց վեց ամիս անց կարող են վերապատվաստվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այո, վեց ամիս անց կարող են ստանալ այդ խթանիչ դեղաչափը կամ, այլ կերպ ասած, բուստերը: Ասեմ, որ դա այս պահին էլ իրականացվում է և քաղաքացիները դիմում են»,- ասաց նախարարը:
Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են: