Շատ քիչ բան է խանգարում, որ Թուրքիայի ներկա կոլապսը վերածվի ավելի խորը տնտեսական ճգնաժամի, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ բարձրաստիճան պաշտոնյաների ու վերլուծաբանների, արհամարհում է նույնիսկ իր կառավարությունից ստացվող դիմումները, գրում է Reuters գործակալությունը։ Ներքին քննարկումներին ծանոթ աղբյուրները լրատվամիջոցին ասել են, որ կառավարության պաշտոնյաներն անհարմար են զգում Էրդողանի՝ տոկոսադրույքները նվազեցնող ռազմավարությունից և նրան ասել են այդ մասին։ Սակայն նրանք չեն կարողացել նախագահին համոզել, մի մասն էլ արդեն հրաժարվել է այդ փորձերից։ Նշվում է, որ սա կարող է հիմք ստեղծել ավելի աճող լարվածության, անհանգիստ ներդրողների ու տեղական խնայողների, մյուս կողմից էլ՝ Էրդողանի կողմից պաշտոնանկ արված մի շարք նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք նախկինում կարողանում էին վիճարկել ու համոզել նրան քաղաքական որոշումների հարցում։ «Որոշ մարդիկ, որոնք ցանկանում ենք նախագահին կարծիք փոխանցել, որ այլ քաղաքականություն պետք է վարել, հաջողության չհասան»,- ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը անանունության պայմանով՝ հավելելով․ «Նախագահականից խիստ վերաբերմունք կա, որ ներկա պրակտիկան շարունակվելու է, տոկոսադրույքները ցածր են պահվելու և դրա հետ ինֆլացիան նվազելու է»։ Թուրքիայի նախագահականից անմիջապես չեն արձագանքել լրատվամիջոցի մեկնաբանության խնդրանքին։ Իրավիճակին ծանոթ երկրորդ աղբյուրն էլ ասել է հետևյալը․ «Նախագահականում հիմնական տեսակետն այն է, որ ներկա քաղաքականությունը շարունակվի, գործընթացը հակառակ ուղղությամբ կգնա և փոխարժեքը կնվազի։ Որոշ պաշտոնյաների տեսակետները, որոնք այս քաղաքականությունը ճիշտ չեն համարում, հաշվի չեն առնվում»։ Վերլուծաբան Մուրաթ Ունուրի կարծիքով՝ դոլարիզացիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հաշվի առնելով արտարժույթի գնման շտապողականությունը, որն արդեն կազմում է թուրքերի ավանդների կեսից ավելին: «Ներկա մակրոտնտեսական քաղաքականության խառնուրդը կայուն չէ, սակայն իշխանությունները հստակ ցույց են տվել, որ նախընտրում են ցածր տոկոսադրույքներ և պատրաստ են դրանք իրականացնել, նույնիսկ եթե այն հանգեցնի լիրայի վրա զգալի ճնշման»,- ասել է վերլուծաբանը։ Նշենք, որ Էրդողանը երկար ժամանակ է՝ իր անսովոր տեսակետն է առաջ տանում, որ բարձր տոկոսադրույքները գնաճ են առաջացնում, իսկ կասկածողներին խոստացել է ապացուցել իր ճշմարտացիությունը։ Նա սա անվանում է «անկախության տնտեսական պատերազմ»։ Մինչդեռ թուրքական լիրան շարունակվում է արժեզրկվել։
Էմմա Չոբանյան