ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել՝ հայ գերիների վերաբերյալ հարցերին պատասխանելու համար. Արտակ Զեյնալյան civic am

  Օրերս փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը տեղեկացրին, որ ՄԻԵԴ-ը բավարարել է նոյեմբերի 16-ին գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրենց դիմումը։

Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում հիշատակեց, որ 4 գերեվարվածների առումով իրենք են դիմել ՄԻԵԴ, իսկ մյուս գերիների առումով՝ կառավարություն։ Սակայն ՄԻԵԴ-ը դեռևս բավարարել է 4 գերեվարվածների մասով դիմումը և հարցադրումներ ուղղել Ադրբեջանին:
 «Եվրոպական դատարանը Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել, որպեսզի Ադրբեջանը պատասխանի իրեն ուղղված հարցերին՝ գերեվարե՞լ է այդ անձանց, թե՞ ոչ, ինչպիսի՞ պայմաններում է պահում, բժշկական հետազոտության ենթարկվե՞լ են, թե՞ ոչ։ Այս հարցերին Ադրբեջանը պետք է պատասխանի փաստաթղթավորված, ինչպես նաև պատասխանի՝ պատրաստվո՞ւմ է հայրենադարձնել նրանց, թե՞ ոչ»,- ասաց Արտակ Զեյնալյանը։  

Նշենք, որ փաստաբանների և կառավարության կողմից ՄԻԵԴ ուղարկված դիմումների նպատակը գերիների կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի ապահովումն է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության են ենթարկում հայկական դիրքերը։  Գնդակոծության ձայները ժամը 13։00-ից մինչև 18։30-ն ընկած ժամանակահատվածը պարզ լսելի են եղել Սիսիան խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Սիսիան քաղաքում, Իշխանասար, Նորաշեն բնակավայրերում։  

Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հերթական ագրեսիային, ասաց, որ այդ օրվա դեպքերով ունենք 6 հաստատված զոհ, ինչպես նաև 24 գումարած 8 գերեվարված, որոնց տվյալները պետք է վերջնական ճշտվեն։

Նարա Մարտիրոսյան 

 

civic.am