«ՀՀ անվտանգության օրակարգ՝ Եվրոպայում գագաթնաժողովներին ընդառաջ» թեմայով քննարկում տեղի ունեցավ Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում։
Ստյոպա Սաֆարյանը անդրադարձավ նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրված հայտարարությանը և նշեց, որ այն ընդգծում է, որ ամենակարևոր հատվածը մեզ համար այն է, որ շեշտվել է նոյեմբերի 9-ից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը։ Հաջորդ կարևորագույն խնդիրը, ըստ Սաֆարյանի այն էր, որ հանձնաժողովը, որը ստեղծվելու է դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու համար այն է, որ այն լինելու է երկկողմ, իսկ ՌԴ-ն խորհրդատվական մակարդակով է մասնակցելու։ Այս ամեն ինչին ընդառաջ կա երկու գագթնաժողով, որին մասնակցելու են Հայաստանն ու Ադրբեջանը։
Ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Արմինե Մարգարյանը մի քանի շեշտադրում արեց, մասնավորապես, անդրադառնալով դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովին նշեց, որ հանձնաժողովի՝ երկկողմ լինելը բավական պոզիտիվ օրակարգ է իր մեջ ներառում։ Արմինե Մարգարյանի կարծիքով հանձնաժողովի երկկողմ ձևաչափը բխում է նաև ՌԴ շահերից, քանի որ վերջերս ՌԴ ԱԳՆ կողմից եղավ հայտարարություն, որ ՌԴ-ն չի ուզում մենաշնորհի դեր ստանձնել այս գործընթացում։ «Կարծում եմ, այս հայտարարությունը չէր կարող լինել հենց այնպես։ Դրա հետևում եղել են որոշակի խոսակցություններ, որոշակի քննարկումներ, ձևակերպումներ, որոնք Ռուսաստանի համար մտահոգիչ էին և ՌԴ հիմա ցանկանում է ընդգծել, որ այդ մենաշնորհը չի ուզում իրեն վերցնել, բայց սա պիտի ունենա իր օբյեկտիվ պատճառները։ Կարծում եմ, հիմնական պատճառն այն է, որ յուրաքանչյուր եռակողմ ձևաչափով գործընթաց դա դե յուրե եռակողմ է , բայց դե ֆակտո՝ քառակողմ է։ Այսինքն այդտեղ կա Թուրքիան, և թուրք-ադրբեջանական տանդեմը բավական սինխրոն է աշխատում և ՌԴ-ն պարբերաբար հանգում է խնդիրների, որն առաջին հերթին արտահայտվում է Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի և ուժի կիրառման քաղաքականության հետևողականորեն առաջ տանելով։ Հետևաբար, վտանգվում է ռուսական խաղաղապահ առաքելության ջանքերը և նաև վտանգվում՝ ՌԴ վարկանիշը, որը ՌԴ համար շատ կարևոր է», — ասաց Արմինե Մարգարյանը և կարծիք հայտնեց, որ այսպիսով, ՌԴ-ն կարողացել է իր համար պատուհան պահել, որպեսզի անհրաժեշտության պարագայում կարողանա ապավինել միջազգային գործընկերների աջակցությանը։ Մյուսը, ըստ Մարգարյանի, երկկողմ ձևաչափը հնարավորություն է կողմերի համար երկկողմ մակարդակում խոսելու, որը նպաստում է վստահության ստեղծմանը։ Բայց այս ամենը, ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվելու է իր՝ ուժի սպառնալիքի քաղաքականությունից, բայց միևնույն ժամանակ տպավորույթուն է, որ Ադրբեջանին կա որոշակի զսպող մեխանիզմներ։ «Սա կարող է նշանակել մի բան, որ Հայաստանին հաջողվել է ռուսական կողմին ներկայացնելու, որ Ադրբեջանն է, որ խոչընդոտներ է ստեղծում և Ադրբեջանն է, որը խոչընդոտում է ռուսական միջնորդական առաքելության բավարար լինելուն և պետք է Ադրբեջանի վրա լծակներ կիրառել, որպեսզի վերջինս գա կոնստրուկտիվիզմի դաշտ, ինչը մեզ մոտ ստացվել է և բավական գովելի է», — ասաց Արմինե Մարգարյանը։
Արմինե Մարգարյանը նկատեց նաև, որ Ադրբեջանի հռետորաբանությունը բավական մեղմացել է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը դիրքավորվում է՝ եվրոպական հանդիպումներից առաջ իրեն խաղաղասեր լույսի ներքո ցույց տալու համար, և կարծիք հայտնեց, որ այդ հանդիպումներից առաջ որոշ գերիների նույնպես հետ կվերադարձնի։