Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ Ստամբուլում և Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գրանցված փոթորկի զոհերի թիվը 6-ն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկուշաբթի՝ Ստամբուլում՝ ուժեղ քամու հետևանքով պոկված տանիքների բեկորների արդյունքում փոթորկից զոհերի թիվը հասել է 4-ի, իսկ վիրավորներինը՝ 38-ի։
Խոջաելի նահանգի վարչակազմի տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել բեկորների ընկնելու հետևանքով։ Մեկ մահվան դեպք է գրանցվել նաև Զոնգուլդակ նահանգում։ Քամու արագությունը որոշ վայրերում հասել է ժամում 130 կիլոմետրի։
Euronews.com-ի փոխանցմամաբ՝ Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ սպանվածների թվում կան նաև օտարերկրացիներ։
Քամու արդյունքում արմատախիլ է արվել 192 ծառ, տապալվել է 52 լուսացույց և ճանապարհային նշաններ, վնասվել է 12 ավտոմեքենա։
Նշվում է, որ Բոսֆորը՝ նեղ ջրային ճանապարհը, որը երկու մասի է բաժանում քաղաքը, փակվել է ծովային երթևեկության համար, իսկ լաստանավային ծառայությունները չեղարկվել են։
Թուրքական ավիաուղիների առնվազն վեց չվերթ, որոնք պետք է վայրէջք կատարեին Սաբիհա Գյոքչենի օդանավակայանում, ուղղությունը փոխել են դեպի Անկարա և Իզմիր քաղաքներ։ Այս մասին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը, հայտնում է euronews.com-ը։
Սյուզի Սիրականյան
civic.am