Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն սոցցանցում կատարած գրառմամբ նախագահ Էրդողանին խնդրել է այլևս չխոսել լիրայի կուրսի վերաբերյալ, քանի որ դրանից հետո ավելի է արժեզրկվում թուրքական արժույթը:
Բանն այն է, որ Էրդողանը նոյեմբերի 30-ին թուրքական «TRT»-ի կազմակերպած եթերի ժամանակ մեկնաբանելով ազգային արժույթի շարունակական արժեզրկումը, կրկին ասել էր, որ իր կառավարությունը վարում է տոկոսների նվազեցման քաղաքականություն: Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենք տնտեսության նոր մոդել են որդեգրել, որի շրջանակներում նվազեցնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով խթանելով աջակցելով տեղական արտադրողին ու խթանելով արտահանումը:
Էրդողանի այս մեկնաբանություններից հետո թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի նկատմամբ 13.30-ից հասել է 13.96-ի՝ գրանցելով հերթական պատմական հակառեկորդը:
Այս զարգացումներից հետո Դավութօղլուն սոցիալական ցանցում հետևյալ գրառումն է արել. «Այն պահին, երբ պետք է երկրին վստահություն ներշնչել, հանգստացնել քաղաքացիներին, նախագահի եթերի ժամանակ դոլարի փոխարժեքը հատում է 13 լիրան, եթերից հետո հասնում մինչև 14-ի: Այսպիսի հայտարարությունները լիրայի վրա դիտավորյալ հարձակման բնույթ են ստացել: Ի սեր Աստծո, էլ մի՛ խոսիր»:
Աղբյուր` Ermenihaber.am