15-ամյա դեռահասը կրակ է բացել Միչիգանի դպրոցներից մեկում․ կան զոհեր և վիրավորներ

  ԱՄՆ Միչիգան նահանգի՝ Դեթրոյթից հյուսիս գտնվող Օքսֆորդ քաղաքի դպրոցում 15-ամյա դեռահասը կրակ է բացել։ Երեք մարդ մահացել է, ևս ութը, այդ թվում՝ ուսուցիչը, վիրավորվել։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակվողը արձակել է 15-ից 20 կրակոց։ Մահացածները 14-ից 17 տարեկան են։ Տուժածներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, այդ թվում՝ 14-ամյա դպրոցականը, որն այժմ թոքերի արհեստական օդափոխության սարքին է միացված։ Ոստիկանությունը հարձակվողին բերման է ենթարկել զանգից հինգ րոպե անց։ Նա հանձնվել է առանց դիմադրության։ Ավելի ուշ պարզվել է, որ տղայի հայրը զենքը գնել է ողբերգությունից մի քանի օր առաջ։ Հարձակումից քիչ առաջ դեռահասը ատրճանակի նկարներ է հրապարակել սոցցանցերում։ Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Միջադեպի մասին հայտնել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին։ «Մինչ մենք պարզում ենք կատարվածի մանրամասները, ես սրտանց ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք ապրում են իրենց սիրելիներին կորցնելու աներևակայելի վիշտը»,- ասել է նա։ Հարձակման կապակցությամբ շրջանի իշխանությունները մինչև հաջորդ շաբաթ կփակեն բոլոր դպրոցները։ Տաթև Ֆռանգյան

 factor.am