Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Man մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է, 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա օպերատիվորեն ժանածած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2 –րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկություը փոխանցել է ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի:
shamshyan.com