ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում «Քովիդ-19»-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականություններ չկատարելու հիմքով էլ ընդհուպ լուծարել աշխատանքային պայմանագիրը:
Ըստ նախագծի՝ 10 աշխատանքային օր կամ հերթափոխ աշխատանքի չներկայանալու կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր բացակայելու դեպքում գործատուն իրավունք է ստանում աշխատողին ազատել աշխատանքից:
Կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, Վճռաբեկ, Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: