Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի շրջագայությունը Արաբական թերակղզով, ըստ էության, դեկտեմբերի կեսերին նախատեսված Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊՀԽ) ղեկավարների գագաթնաժողովի նախերգանքն է: Գործոնը, որն ազդել է այս ուղեւորության բովանդակային մասի վրա, Էր Ռիադում ոչ պաշտոնական մակարդակով անվանում են դադար, որը ծագել է իրանական «միջուկային գործարքի» վերականգնման շուրջ բանակցային գործընթացում։ Առանձին ինտրիգը այն է, թե արդյոք շրջագայությունը Սաուդյան Արաբիային հնարավորություն կտա՞ դիվանագիտորեն մերձենալ Թուրքիայի հետ. թագաժառանգ արքայազն Մուհամմեդի այցը Քաթար համընկնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժամանման հետ: Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի ուղեւորությունը ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Քաթարը, Բահրեյնը եւ Քուվեյթը: Ըստ իշխող տան պաշտոնական հայտարարության՝ շրջագայությունը, որն անցկացվում է թագավոր Սալմանի կարգադրությամբ, միտված է եղբայրական պետությունների միջեւ կապերի պահպանմանը։ Տարածաշրջանը դժվար ժամանակներ է ապրում՝ կապված ԱՄՆ նախագահի վարչակազմի հետաքրքրության նվազման հետ՝ պահպանելու իր ավանդական պարտավորությունները մերձավորարեւելյան դաշնակիցների հանդեպ: Անվտանգության ոլորտում մարտահրավերները մեծանում են: Լրացուցիչ ապացույց է այն, որ թագաժառանգ Մուհամմեդի շրջագայությունը համընկավ եմենյան «Անսար Ալլահ» շարժման կողմից Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի ուղղությամբ հրթիռ արձակելու փորձի հետ։ Ի պատասխան դրա՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հերթական անգամ հայտարարեց հուսիթ ապստամբների դեմ «լայնածավալ օպերացիայի» մեկնարկի մասին։ Զինվորականները խոստացել են կոշտ պատասխան տալ խաղաղ բնակչությանն ուղղված սպառնալիքին «միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում»։ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ներսում հարաբերությունների բարելավման առումով նշանակալի քայլ էր այս տարի Քաթարի շրջափակման ավարտը։ Սակայն մի շարք ուղղություններում արաբական խոշոր խաղացողների միջեւ հակասությունները, այնուամենայնիվ, դեռ պահպանվում են: Արեւմտյան մամուլը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ ամուր կապերը վերջին մի քանի տարվա ընթացքում ճեղքվածք են տվել եմենյան հակամարտությանը միջամտելու անհրաժեշտության եւ բիզնեսի ու ներդրումների ոլորտում առաջատարության հարցերում տարաձայնությունների պատճառով: Պատահական չէ, որ «Wall Street Journal»-ի դիվանագիտական աղբյուրը, տեղյակ լինելով գահաժառանգ արքայազն Մուհամմեդի այցի բովանդակությանը, այն անվանել է տարածաշրջանում առաջատար դիրքերի պահպանման հայտ: Վեճերի համար առանձին հիմք է Իրանի հետ համագործակցությունը: Եթե Էր Ռիադը բանակցային ալիքներով զգուշորեն փորձում է Թեհրանից հստակ երաշխիքներ ստանալ անվտանգության ոլորտում՝ առաջարկելով նրան տնտեսական խթաններ, ապա Աբու Դաբին վերջին տարիներին առանց որեւէ վախի նվազեցնում է լարվածությունը հարեւանների հետ հարաբերություններում: Դրա ապացույցն է օրերս ազգային անվտանգության գծով ԱՄԷ-ի ղեկավարության օգնական Թահնուն բին Սաիդի այցն Իրան: «Wall Street Journal»-ի անանուն զրուցակիցները մատնացույց են արել այն, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի այցի նպատակն է հարեւանների հետ զրույցներում ընդհանուր դիրքորոշում մշակել Իսլամական Հանրապետության հետ փոխգործակցության վերաբերյալ: Սակայն դժվար թե հնարավոր լինի առճակատման օրակարգ պարտադրել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամներին։ Թեհրանը սերտ գործարար կապեր է պահպանում Աբու Դաբիի հետ եւ ակտիվորեն համագործակցում է Դոհայի հետ էներգետիկ ոլորտում։ Հակամարտությամբ քիչ են հետաքրքրված նաեւ Քուվեյթը եւ Օմանը, որոնք ավանդաբար միջնորդի դեր են կատարում տարածաշրջանային խճճված վեճերում: Բացառված չէ, որ գահաժառանգ արքայազն Մուհամմեդի ժամանումը Քաթար առաջընթաց կգրանցի նաեւ թագավորության ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում. այցի ժամկետները համընկնում են Էրդողանի՝ Էմիրություններ ծրագրված այցի հետ, փաստ, որի նկատմամբ ուշադրություն են հրավիրել «Bloomberg»-ի իրազեկ աղբյուրները։ «Wall Street Journal»-ի զրուցակիցները, ովքեր ներկայացնում են Դոհայի պաշտոնական շրջանակները, իրենց հերթին, պատմել են, որ եւ թուրք առաջնորդը, եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգը քաթարյան էմիր Թամիմ բին Համադին հաղորդել են «կապերն ամրապնդելու եւ առեւտուրը վերականգնելու» իրենց ցանկության մասին։ Երկու պետությունների միջեւ հարաբերությունները զգալիորեն վատթարացել են այն բանից հետո, երբ 2018 թ. Ստամբուլում թագավորության հյուպատոսությունում սպանվեց սաուդցի այլախոհ Ջամալ Հաշոգին: Անկարան եղել է Սաուդյան Արաբիայի իշխող տան վրա դիվանագիտական ճնշման արշավի առաջնագծում: Անցյալ տարի Էր Ռիադը կոշտ հակահարված տվեց՝ նախաձեռնելով թուրքական ապրանքների առեւտրային չհայտարարված բոյկոտ: Սակայն հիմա, այն բանից հետո, երբ Թուրքիայի հետ ԱՄԷ-ի դիվանագիտական հարաբերությունները կարգավորվել են, հավանականություն կա, որ համապատասխան ջերմացում կսկսվի Էր Ռիադի հետ Անկարայի շփումներում։ Ծայրահեղ դեպքում՝ տարածաշրջանում երկու պետություններն այժմ հարմար միջնորդ ունեն։ Ավելացնենք, որ օրեր առաջ Պարսից ծոցի երկրներում շրջագայություն է կատարել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այցի շրջանակներում նա Արաբական Միացյալ Էմիրությունների հետ պաշտպանական պայմանագիր է ստորագրել եւ համաձայնագիր Սաուդյան Արաբիայի հետ Լիբանանին հումանիտար օգնության համատեղ մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Երկրորդի դեպքում պայմանն այն է, որ «լիբանանյան կառավարությունն իրականացնի համապարփակ բարեփոխումներ, որոնք կընդգրկեն կյանքի բոլոր ոլորտները, հատկապես՝ ֆինանսներն ու էներգետիկան, պայքարի կոռուպցիայի դեմ եւ կատարի սահմանային վերահսկողություն»: Տարածաշրջանում ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը, ինչպես նաեւ իրանական «միջուկային գործարքի» հետ կապված իրավիճակն անհանգստացնում է Պարսից ծոցի երկրներին: Էմիրություններ Էմանուել Մակրոնի կատարած այցի արդյունքներով կողմերը պայմանավորվածության են հանգել արաբական պետության կողմից ֆրանսիական 80 «Rafale» բազմաֆունկցիոնալ կործանիչների եւ 12 «Caracal» բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների գնման վերաբերյալ: «Սա մեր պատմության մեջ ռազմական ամենախոշոր պայմանագիրն է,- ասել է Մակրոնը:- Սա չափազանց կարեւոր պայմանագիր է Ֆրանսիայի տնտեսության համար: Դա վկայում է նաեւ Փարիզի ու Աբու Դաբիի միջեւ վստահելի հարաբերությունների մասին»: «Rafale» կործանիչների առաքումը հոգեբանական առումով կարեւոր է Էմիրությունների համար այն պայմաններում, երբ ամերիկյան հինգերորդ սերնդի «F-35» կործանիչների խմբաքանակի մատակարարման հարցն օդում է կախված: Մակրոնի արաբական շրջագայությունը բխում է տարածաշրջանի հարցերում ավելի վստահ դեր ստանձնելու Փարիզի ցանկությունից։ «Ֆրանսիան ցույց է տվել, որ ակտիվ գործընկեր է ԱՄԷ-ի եւ մի շարք այլ արաբական պետությունների պաշտպանության եւ անվտանգության ոլորտում»,- «Janes» խորհրդատվական ընկերության փորձագետ Չարլզ Ֆորեսթերի խոսքերը մեջբերել է բրիտանական «Financial Times»-ը։ Առանձին գործոն է Իրանի եւ «միջուկային գործարքի» վերականգնման շուրջ միջնորդ «հնգյակի» (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա եւ Բրիտանիա) միջեւ Վիեննայի բանակցությունների վերսկսումը։ Չնայած այն հանգամանքին, որ Պարսից ծոցի երկրներին ի սկզբանե դուր չի եկել Արեւմուտքի գործարքն Իրանի հետ, դրա կտրուկ ձախողման հեռանկարը նույնպես վնասակար է Պարսից ծոցի երկրների համար եւ, թերեւս, ամենալուրջ ռիսկերն է պարունակում: Եթե բանակցություններն արդյունք չտան, դա կխորացնի Պարսից ծոցի երկրների մտահոգությունները: Մակրոնը, հավանաբար, փորձել է մեղմել այս մտահոգությունը։ Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում թուրքական հնարավոր նախաձեռնություններին՝ կապված արաբական երկրների հետ հարաբերությունների ջերմացման հետ, հարկ է փաստել, որ այդ հարցում Անկարայի հնարավորությունները սահմանափակ են: Ֆրանսիան լուրջ տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ, իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանում արեւմտյան ակտիվությունը կարող է շղթայել Անկարայի ձեռքերը: