Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, մեր պատկերացմամբ՝ պետք է իրականացվեն մինչև 1929 թվականի քարտեզների հիման վրա: Այդ մասին Կապանում փոքրաթիվ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ տարիներին Կապանի շրջանի 21 հայկական գյուղ նվիրաբերվել է «եղբայրական Ադրբեջանին»:
«Հենց այդ օրվանից մեզ մոտ առաջացան խնդիրներ, և հենց դրա արդյունքում է, որ, օրինակ՝ օդանավակայանի անմիջական հարևանությամբ թշնամիներ են, մեր ճանապարհները փակվում են նրանց կողմից և այլն: Եթե առաջնորդվենք մինչև 1929 թվականի քարտեզներով, բավականին տարածքներ՝ լուրջ տարածքներ, կարող են վերադարձվել հայկական կողմին»,- ընդգծել է Փարսյանը:
Նա հորդորում է մինչև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների իրականացումը ձեռնպահ մնալ այս կան այն տարածքն ադրբեջանական համարելուց:
«Քանի դեռ դեմարկացիա ու դելիմիտացիա չեն իրականացվել, շատ կուզենայի տարածքները չհամարել ադրբեջանական կամ հայկական: Նույնը կարող եմ ասել Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհների մասին, որոնք հիմա շատերն ասում են՝ իբր ադրբեջանական տարածք է»,- նշում է Կապան համայնքի ղեկավարը:
Նրա խոսքով` լավ կլինի, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներում կառավարությունը ականջալուր լինի նաև իրենց դիրքորոշմանը, քանզի խնդիրը անմիջապես իրենց է առնչվում
civic.am