Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել են BMW-ն ու Infiniti-ն.

  Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  20:30-ի  սահմաններում  Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»  ռեստորանային  համալիրի հարևանությամբ  կամարի տակ, բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա  Գարեգին Չոբանյանի վարած BMW X  5 մակնիշի և 27-ամյա Ռազմիկ Սնգրյանի վարած  Infiniti մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Ռ. Սնգրյանը տեղում մահացել է, իսկ Գ. Չոբանյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Ռազմիկ Առաքելյանն ու Infiniti-ի  ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Ռուբեն Բադալյանը քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երևանի թիվ  8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի և 16-րդ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկների  օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ: Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խմբերը,  ովքեր վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելուց առաջ տեղում առաջին բուժօգնությունն  են ցուցաբերել: Հրշեջ-փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենաները: Տեղում ուժեղացված  ծառայություն են կատարել Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ  վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Արման Դադոյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի և 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին պարեկային ծառայության  Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես  կարևոր գործերով ավագ քննիչ  Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ Infiniti-ն Մյասնիկյան պողոտայով դեպի  Հերացի իջնելիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել BMW-ին: 

shamshyan.com