Սուտն Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության վարած քաղաքականության հիմնական բնորոշիչներից է: Այն հերթական անգամ քողազրկվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին, երբ Թուրքիայի հետ նախապես մանրամասն պլանավորած, դրա համար Սիրիայից վարձու ջիհադիստ գրոհայիններ ապահոված Արցախի Հանրապետության վրա հարձակումն այդ զույգը միջազգային հանրությանը մատուցեց որպես հակահարձակում: Նրանք փորձում էին աշխարհին համոզել, թե Արցախի պաշտպանության բանակը հարձակվել է Ադրբեջանի վրա, եւ իրենք հակահարձակում են իրականացրել: Հետագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները, բազմիցս լեզվի սայթաքմամբ բացահայտել են այս մեծ սուտը՝ հայտարարելով, որ ԵԱՀԿ Միսկի խումբը երկար տարիներ չէր կարողանում Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանը, ինչն իրենք նախահարձակ պատերազմով արեցին: Մեկ այլ դեպքով էլ Ալիեւը «BBC»-ին տված հարցազրույցում հայտարարում էր, թե իր բանակի կողմից ջիհադիստ գրոհայինների կռվելու մասին լուրերը բացարձակ կեղծ են, այն դեպքում, երբ զուգահեռ Արցախի պաշտպանության բանակը ջիհադիստներ էր գերեվարում: Աշխարհին նման մերկապարանոց ստեր հրամցնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ նույն այդ հանրությանն ուղղված ծաղրանք: Օրերս էլ նման հերթական ստով կրկին հանդես եկավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: Վերջինս կիրակի օրը հայտարարեց, թե ժամանակ առ ժամանակ սահմանին Հայաստանի կողմից «սադրանքներ» են իրականացվում, որոնց հետեւանքով մարդիկ են զոհվում: Ավելին՝ Ջեյհուն Բայրամովը հայկական կողմին մեղադրեց ագրեսիվ գործողությունների մեջ, բայց այս խոսքերի ստահոդությունը նույն հայտարարության մեջ մերկացրեց հենց ինքը՝ Բայրամովը՝ հաջորդ իսկ դատողության մեջ հայտարարելով, թե սահմանային լարվածությունից խուսափելու միակ միջոցը Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի սկիզբն է։ «Չնայած ադրբեջանական պետության նախաձեռնած կառուցողական բանակցություններին, մենք այն հակառակ կողմից չենք նկատում»,-այս խոսքերով սեփական սուտը մերկացրել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Բայրամովը վերջին արտահայտությամբ փաստացի ասաց, որ Հայաստանը սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում իբր կառուցողական դիրք չի գրավում, այդ պատճառով էլ սահմանին ադրբեջանցիները սադրանքներ են արել: Այսինքն` նա փաստում է, որ Ադրբեջանը սահմանի ապակայունացումներով փորձում է բանակցությունների ժամանակ թելադրել իրեն ձեռնտու տարբերակ, եւ որպեսզի սահմանին նման բախումներ չլինեն, հայկական կողմը պետք է «կառուցողական» լինի սահմանազատման գործընթացում, մի խոսքով` ենթարկվի ադրբեջանաթուրքական պայմաններին: Բայրամովը նույն հայտարարության հաջորդ նախադասությամբ գերազանցում է կեղծիքի բոլոր հայտնի եւ անհայտ սահմանաձողերը՝ հայտարարելով, թե հայկական կողմը սրում է լարվածությունը նախապես հայտարարված ժամկետների եւ բանակցությունների մեկնարկից առաջ: Ըստ Բաքվի պաշտոնական ներկայացուցչի՝ ստացվում է, որ Սոչիի հանդիպումից առաջ ոչ թե Ադրբեջանն է լայնածավալ հարձակում գործել հայկական դիրքերի վրա, գրավել դրանք եւ գերեվարել հայ զինծառայողների, այլ հայերն են հարձակում գործել: Ադրբեջանի նման մանկամիտ ստերն ո՞ւմ են ուղղված՝ անհասկանալի է: Աշխարհը, միջազգային կառույցները, առավել եւս՝ տարածաշրջանի երկրները լավ են տեսնում Արցախի շուրջ ծավալված իրադարձությունների իրական ընթացքը, լավ գիտեն, թե ով է ագրեսորն ու սադրիչը: Այդ ստերին չեն հավատում անգամ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիները, հատկապես՝ վերջիններս, որոնք Ադրբեջանի հեղինակած ամեն նման միջադեպից հետո ընդունում են իրենց զոհերի հերթական «խմբաքանակը»: Հետեւաբար, կարելի է ասել, որ այդ ստերն ասում, լսում եւ դրանց, թերեւս, հավատում են միայն պաշտոնական Բաքուն ու Անկարան: Բայրամովի հայտարարության այդ մեկ արտահայտությունը մի քանի հատկանշական դրվագներ է պարունակում: Բացի այն, որ դրանով ակնհայտ կեղծիք է տարածվում, Բաքուն այդ հայտարարությամբ մեկ անգամ եւս փաստում է, որ զրկվել է սուվերենության վերջին նշույլից եւ նույնիսկ մի քանի նախադասությամբ արտաքին լսարանին ուղղված հաղորդագրությամբ կրկնօրինակում է «մեծ եղբորը»՝ Թուրքիային: Ինչպես Չավուշօղլուն նոյեմբերի 16-ի դեպքերի առիթով հայտարարեց, որ եթե Հայաստանը չի ցանկանում նոր տարածքներ կորցնել, ապա պետք է համաձայնի պարտադրվող պայմաններով սահմանազատման գործընթացին, այնպես էլ Բայրամովը կրկնում է նույն միտքը՝ ադրբեջանական դիվանագիտական մտքի ուժով մի փոքր սրբագրված տարբերակով ասելով, թե հայկական կողմի «սադրանքները շատ լուրջ հետեւանքներ կունենան»: Հայաստանը հայտարարել է, որ առաջնային է համարում սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները: Այս հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի պնդումներն այն մասին, թե հայկական կողմն ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում, պետք է դիտարկել Բաքվի եւ Անկարայի նախորդ կեղծիքների համատեքստում, ինչից կարելի է անել միայն մեկ հետեւություն՝ ոչ թե Հայաստանն է ապակառուցողական մոտեցում ցուցաբերում, այլ ճիշտ հակառակը՝ ադրբեջանաթուրքական զույգը: Նրանք են մաքսիմալիստական պահանջներ առաջարկել, ինչն անընդունելի է Հայաստանի, հետեւաբար նաեւ Արցախի Հանրապետության համար: Հիմա սահմանային բախումներ հրահրելով՝ թյուրքական զույգը փորձում է պարտադրել իրեն ձեռնտու եւ Հայաստանի ու Արցախի շահերին հակասող գործընթաց: Գեղարքունիքի սահմանամերձ հատվածում հերթական բախման հետեւանքով ելման դիրքեր հետ շպրտվելուց հետո Ադրբեջանը պետք է հասկացած լինի, որ բանակցային սեղանին ուժի դիրքերից որեւէ բան պարտադրել հնարավոր չէ: Սահմանազատման գործընթացը կարող է մեկնարկել միայն այն դեպքում, երբ Արցախի կարգավիճակի հարցը չկապվի դրա հետ, մյուս կողմից էլ պետք է հրաժարվել Հայաստանի տարածքով միջանցք բացելու գաղափար առաջ քաշելուց: ՀՀ-ի այս դիրքորոշումների մասին բազմիցս հայտարարել են Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները: Եթե Արդբեջանը սահմանագծման եւ սահմանազատման հարցում չգա կառուցողականության դաշտ, ապա Հայաստանն ամեն գնով կվերականգնի իր սուվերեն տարածքների ամբողջականությունը՝ սեփական սահմաններից դուրս շպրտելով անօրինական ձեւով այնտեղ ներխուժած ադրբեջանական զինված ուժերին: