ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված ու կորոնավիրուսով վարակված հիվանդների համար ստացիոնար բուժումը վճարովի դարձնելու հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը
«Հաշվի առնելով երկրում իրականացվող պատվաստումային գործընթացը, որն այդքան էլ գոհացուցիչ չէ, ինչպես նաև կորոնավիրուսի նոր շտամերի ի հայտ գալու փաստը, ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է քննարկել այն տարբերակը, որ հնարավոր է չպատվաստվածների դեպքում կորոնավիրուսի ստացիոնար բուժումը դառնա վճարովի: Մեր քաղաքացիներին պետությունն առաջարկում է անվճար պատվաստման տարբերակ»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նախատեսված է սահմանել փետրվարի 1-ից՝ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ դա նախնական ժամկետ է և կարող է փոփոխվել: Նա նկատեց, որ այդ խնդիրը միշտ էլ նախարարության քննարկման առանցքում է եղել, ու,կախված իրավիճակից, կլինեն վերջնական որոշումներ:
«Կորոնավիրուսի դեպքում որոշումներն իրավիճակային են, հաշվի ենք առնում հիվանդացության թվերը, տարածվելու տեմպը, պատվաստումների ցուցանիշը: Առիթը բաց չեմ թողնի և մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կհորդորեմ պատվաստվել: Մեր պետությունը, պատվաստանյութերի մրցավազքի մեջ կարողանում է ձեռք բերել այն քանակի պատվաստանյութեր, որ բոլորին բավարարի: Հայաստանն այն բացառիկ պետություններից է, որ պատվաստանյութի ընտրության հնարավորություն է ընձեռում»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:
Հարցին, թե Հայաստանը երբ կունենա «Pfizer» պատվաստանյութը, նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ դրա հետ կապված դեռ նորություն չկա, բանակցությունները շարունակվում են, ժամկետները հստակ չեն: «Այն քաղաքացիները, որոնք ամեն դեպքում սպասում են «Pfizer»-ին, կհիշեցնեմ, որ այդ խմբի պատվաստանյութ Հայաստանն ունի, դա «Մոդերնա»-ն է»,-հավելեց Հռիփսիմե Խաչատրյանը:
Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ—Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա»պատվաստումները: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կենտրոններում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:
Աննա Գզիրյան