Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 31-ամյա Գոռ Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյուլբենկյան–Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 86-ամյա Ժաննա Մ.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանա օպերատիվորեն ժամանած բժիշկների կողմից, սակայն բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը: Դրանից հետո վարորդը ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քնննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: shamshyan.com