SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննական բաժանմունքում խարդախություն հատկանիշով նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերը նախապատրաստվում են Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Գագիկ Հ.-ի դիմումի փաստով: Վերջինս դիմել է ոստիկանության Վարդենիսի բաժին և հայտնել, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը կապ է հաստատել իր հետ, գրելով, որ Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվածներին և բազմազավակ ընտանիքներին տրամադրում են օգնություն՝ մինչև 50 կգ ծանրոցներ, տալով իբրև առաքիչ՝ ոմն անձի բջջային հեռախոսահամարը: Գագիկ Հ.-ն կապ է հաստատել նշված հեռախոսահամարով և հայտնել, որ ունի 5 անչափահաս երեխա և այդ անձը Գագիկ Հ.-ին հայտնել է, որ փաթեթների տեղափոխման համար պետք նշված բջջային հեռախոսահամարին փոխանցի յուրաքանչյուր փաթեթի համար 7600 դրամ գումար: Դեկտեմբերի 10 –ին և 11-ին ինքը «Տել Սել» կապի միջոցով նշված բջջային հեռախոսահամարին փոխանցել է ընդհանուր 38 300 դրամ՝ պայմանավորվելով, որ փաթեթները կառաքվի մինչև դեկտեմբերի 17-ը, սակայն մինչ օրս որևէ առաքում չի կատարվել և նշված բջջային հեռախոսահամարը չի պատասխանում իր զանգերին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ֆեյսբուքյան օգտատերը Արարատի մարզի բնակիչ Աշոտ Ա.-ն է: Ոստիկաններն էլ ունեն կասկածներ, որ հնարավոր է, այլ քաղաքացիներ նույնպես տուժած լինեն Աշոտ Ա.-ի կողմից: