Փարաքարում տեղի ունեցողը աբսուրդի թատրոն է՝ բառի բոլոր իմաստներով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ներկայացնելով պարզաբանում, թե ինչ է օրեր առաջ իրականում տեղի ունեցել Փարաքարում:
«Ավագանու առաջին նիստը սկսում է, նիստը վարում է տարիքով ամենամեծ ավագանին, որը ներկայացնում է «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Նիստին ապօրինաբար ներկա են գտնվում Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը, որոնք նաև ցուցումներ են տալիս «Ապրելու երկրի» ավագանու անդամներին։
Ու էստեղից սկսում է աբսուրդը։ Նիստը վարող ավագանին հայտնում է՝ կա մեկ համայնքապետի թեկնածու՝ ներկայացված «Ապրելու երկրի» 10 ավագանիների կողմից։ ՔՊ-ի և մյուս դաշինքի 11 ավագանու անդամները ներկայացնում են ուրիշ՝ միասնական թեկնածու, ու ուշադրություն՝ «Ապրելու երկրի» ավագանու անդամը հայտնում է, որ նման բան լինել չի կարող, որովհետև թեկնածությունը պետք է ներկայացնել գրավոր։ Ինչը ամրագրված չէ ոչ մի օրենքով։
Եվ երբ ՔՊ-ի ու Դավիթ Մինասյան դաշինքի մեծամասնություն կազմող ավագանիները ընդմիջում են խնդրում և փորձում խորհրդակցել իրավաբանների հետ, «Ապրելու երկրի» 10 ավագանիները «ընտրում են» իրենց թեկնածուին։ Դա էլ, ի դեպ, այն պարագայում, երբ քվորման համար անհրաժեշտ է 11 ձայն, այսինքն՝ անհնար է 21 ավագանուց բաղկացած կազմի 10 հոգու մասնակցությամբ ընտրել համայնքապետ։
Հիմա էլ «Ապրելու երկրի» ղեկավար կազմը գնացել է համայնքապետարան, ու թե բա՝ դուք իշխանազավթում եք անում։
Դասականը կասեր՝ սա մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է»,- ներկայացրել է Ալեքսանյանը։