Երեկ, դեկտեմբերի 22-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքներում տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գործող Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քոլեջ են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։
Պարզվել է, որ ժամը 10։00-ի սահմաններում նշված քոլեջում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 15-ամյա Գ․Գ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 15-ամյա Վ․Ա․-ի միջև, որի ժամանակ Գ․Գ․-ն դանակով հարվածներ է հասցրել Վ․Ա․-ի ոտքին։ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ապա ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։