ԱՄՆ իշխանությունները հրապարակայնորեն չեն հայտարարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման վերջնաժամկետների մասին, սակայն այս թեման քննարկում են փակ ձևաչափով։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանի խոսքերով, որ մեջբերում է Reuters-ը, մի քանի շաբաթից համաձայնագիրը վերականգնելու հնարավորություն, միգուցե, այլևս չլինի։ «Մենք հրապարակայնորեն չենք նշում կոնկրետ ամսաթիվը, բայց կարող եմ ձեզ ասել, որ փակ դռների հետևում մենք քննարկում ենք ժամկետները, և որ դրանք կարճատև են», – Իսրայել կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Սալիվանը: Պատասխանելով լրագրողների հստակեցնող հարցին, թե ինչ ժամկետների մասին է խոսքը՝ ԱՄՆ առաջնորդի օգնականը ասել է՝ շաբաթներ։ Հիշեցնենք՝ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր կայացրել դուրս գալ ԳՀՀԾ-ից։ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել էր Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու իր պատրաստակամության մասին: Տաթև Ֆռանգյան