Որոշ «լրատվամիջոցներ», իրար հերթ չտալով, մանիպուլացնում են Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, իսկ որոշ լրատվամիջոցներ՝ բարեխիղճ մոլորությամբ արտատպում նույն մանիպուլյացիան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«Մինչդեռ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակված եզրափակիչ մասից (https://www.facebook.com/567973740326111/posts/1350709125385898/) հետևում է, որ
Սահմանադրական դատարանը, ըստ էության, ասել է միայն․
Առողջապահության նախարարը չի կարող ասել, թե ում հաշվին անձը պետք է իրականացնի ՊՇՌ թեստավորումը։ Կցանկանա իր հաշվին կիրականացնի, կցանկանա իր ընկերոջ, մորաքրոջ, եղբոր և այլն։
Սահմանադրական դատարանը չի ասել՝
որ ՊՇՌ թեստավորումը պետք է իրականացվի պետական բյուջեի կամ գործատուի կամ որևէ այլ սուբյեկտի հաշվին,
որ Առողջապահության նախարարի հրամանի որևէ այլ դրույթ հակասահմանադրական է․
Հետևաբար, ինչպես մինչև ՍԴ որոշումը, այնպես էլ դրանից հետո՝
պետք է կա՛մ պատվաստվել, կա՛մ պարբերաբար թեստավորվել։ Մի տրվեք մանիպուլյացիաների»։