Ավարտվել է 15 անձի կողմից խուլիգանություն կատարելու գործերի նախաքննությունը

  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից, ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված, խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:

Քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի հանգամանքները, շարժառիթը, հանցագործությունը կատարած անձանց ամբողջական շրջանակը, անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները և տրվել քրեաիրավական գնահատականներ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 21-ին միջադեպ է տեղի ունեցել Տաշիր քաղաքում գործող գազալցակայանում. ժամը 20:50-ի սահմաններում Լոռու մարզի 38-ամյա բնակիչը, սե­փա­կան անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ինքնահաստատման պա­հանջով, դրսևո­րելով հան­դուգն վարքա­գիծ, տևական ժամանակ վիճաբանել է նույն մարզի բնակչի հետ՝ վերջինիս կողմից իր ավ­տոմեքենան Տաշիր քաղաքում գտնվող գազալցակայանի գազա­բաշխիչ կետից ուշ հանելու՝ չնչին հարցի շուրջ, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, քաշքշել, հայհո­յել, որի ժամանակ ձեռքով հարվածել է նաև վիճաբանությանն ականատես, կողմերին հանդարտեցնել փորձող քաղաքացիներից մեկի դեմքին, ապա ողոր­կափող հրացանից կրակոց է արձա­կել, ինչի հետևանքով մարմ­նական վնասվածքներ են պատճառվել գազալցակա­յանի երկու աշխատակիցներին:

Դեպքից հետո, երբ 38-ամյա տղամարդը հեռացել է գազալցակայանից, հրազենային վիրավորում ստացած աշխատակիցներից մեկը զանգահարել և օգնության է կանչել Ոստիկանության Տաշիրի բաժնում աշխատող եղբորը: Վերջինս, ժամը 21:00-ի սահմաններում Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների հետ դեպքի վայր ժամանելով, փորձել է պարզել տեղի ունեցածը, որին միջամտել են  38-ամյա տղամարդու ընկերները, ովքեր դրսևո­րելով հան­դուգն վարքա­գիծ, տևական ժամանակ հայհոյել են, վիճաբանել դեպքի վայր ժամանած և իրենց ծառայողական պարտականությունները կատարող Ոստիկանության Տաշիրի բաժնի թվով 8 աշխա­տա­կիցների հետ և խմբի կազմում բռնություն գործադրելով, ուղղակի դիտավորությամբ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրանց՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնաս­վածք­ներ, խաթարել են գազալցակայանի բնականոն աշխատանքը, ներ­կաների նկատմամբ դրսևո­րել բացա­հայտ անհար­գալից վերա­բեր­մունք և վնասել դեպքի վայրում կայանված «BMW E 60» մակնիշի ավտոմեքենան։

Ձեռք բերված բավարար ապացույցների հա­մա­կ­­ցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Իսկ մյուս 14 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով. վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: