Ազգային ժողովում «Վայլդբերիզ»(Wildberries) ընկերության հիմնադիր գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաև օրենսդրական և իրավական դաշտի զարգացման հնարավորությունը՝ միջազգային էլեկտրոնային առևտրաշրջանառության զարգացմանը համահունչ։
«Վայլդբերիզ» ընկերությունը հանդիսանում է էլեկտրոնային առևտրի առաջատարը ԵԱՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020 թ․ կազմել է շուրջ 6 մլրդ ԱՄՆ դոլար և գործունեություն է ծավալում աշխարհի 19 երկրներում։
Հանդիպման ընթացքում կարևորվել է ապրանքների և ծառայությունների հասանելիության բարձրացումը քաղաքացիների համար՝ անկախ բնակչության աշխարհագրական վայրից։
Քննարկվել է նաև տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների ընդլայնումը։ Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ ՀայՓոստի հետ համագործակցության զարգացումը։
Տատյանա Բակալչուկը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և գոհունակությամբ արձանագրել հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը «Վայլդբերիզ» պլատֆորմի միջոցով, որը հասնում է տարեկան շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի և տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշերով։ Հայփոստի հետ համագործակցության վերաբերյալ նշվեց, որ 2022 թ․ պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղերում։
Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ և սորտավորման կենտրոններ։
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիումներ և համագործակցության հուշագրի ստորագրում «Վայլդբերիզ» ընկերության և ՀայՓոստի միջև։