Ռազմագերիների ազատ արձակում․ 2022 թվականի ԱՄՆ պաշտպանական բյուջում ներառված է ԼՂ հակամարտության վերաբերյալ հաշվետվություն

  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2022 ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանական բյուջեն։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրությունից։ Պաշտպանական բյուջեն կկազմի 768,2 միլիարդ դոլար, ինչը 5 տոկոսով ավելին է, քան նախորդ ֆինանսական տարում, և 25 միլիարդ դոլարով ավելի, քան Բայդենի առաջարկն էր։ ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքում հրապարակված բյուջեի ծրագրի 1302 կետը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը։ Դրա առաջին կետով նշվում է, որ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 180 օրվա ընթացքում Պաշտպանության Քարտուղարությունը, խորհրդակցելով այլ դաշնային գերատեսչությունների և համապատասխան գործակալությունների հետ, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին հաշվետվություն ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի պատերազմի մասին։ Նշվում է, որ հաշվետվությունում պետք է ներկայացվի 2020 թվականի հակամարտությունում Միացյալ Նահանգների սպառազինության համակարգերի կամ վերահսկողական տեխնոլոգիաների կիրառման գնահատականը, ներառյալ՝ դրանց ծագման ցուցակը, եթե հայտնի է: Պետք է լինեն հակամարտությանը օտարերկրյա դերակատարների ներգրավվածության վերաբերյալ տվյալներ, որոնք  ներառում են ռազմական գործողությունների նկարագրությունը, ազդեցության գործողությունները, օտարերկրյա ռազմական տեխնիկայի վաճառքը և օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներգրավվածությունը հակամարտությունից առաջ, դրա ընթացքում և հետո, ինչպես նաև հակամարտության կողմերի կողմից հակամարտության ընթացքում օտարերկրյա զինյալներ վարձելու ջանքերի կամ մասնավոր ռազմական կազմակերպություններին ներգրավելու վերաբերյալ: Պետք է ներկայացվի նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի ցանկացած խախտում, այդ թվում՝ռազմագերիների ու քաղաքացիական անձանց գերեվարումը։ Նշվում է, որ հակամարտության կողմերը պետք է կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի ու միջազգային օրենքով իրենց պարտավորությունները, այդ թվում նաև բոլոր ռազմագերիների ու ձերբակալված քաղաքացիական անձանց ազատ արձակումը։ Հակամարտության կողմերը պետք է ձեռնպահ մնան ուժի կիրառումից ու դրա կիրառման սպառնալիքից՝ վիճելի հարցերի շուրջ դիվանագիտական լուծումներ գտնելու համար։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները կհամագործակցի հակամարտության կողմերի հետ նաև կրկնապատկելով ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ կողմերի համար հստակեցնելով այդ պարտավորություններին հավատարիմ մնալու և դիվանագիտական առաջընթացը զարգացնելու կարևորությունը։ Տաթև Ֆռանգյան

 factor.am