Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան, գրոհով վերցրել շենքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ նշելով, որ շենքի վրայով սև ծուխ է բարձրանում, քանի որ քաղաքապետարանի ներսում պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել, ներսում ու շենքի մոտ կրակոցների ձայներ են լսվում, երկրորդ հարկի պատուհաններից պարզ երևում է ներսում բռնկված կրակը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցուցարարները փորձում էին ներխուժել քաղաքապետարան, նրանք ծեծկռտուքի մեջ էին մտնել ոստիկանների հետ, ծեծել անվտանգության աշխատակիցներին և խլել նրանց վահաններն ու սաղավարտները։ Ոստիկանությունն օգտագործում է հատուկ տեխնիկա, այդ թվում՝ խլացուցիչ նռնակներ, սակայն քաղաքացիները ևս զինված են մահակներով:
Նրանք կոտրել են առաջին հարկի ապակիները և մի քանի կողմից մտել շենք:
Միաժամանակ հարկ է հիշեցնել, որ Ալմաթիում գործում է արտակարգ դրություն՝ պարետային ժամ է մտցվել, զանգվածային միջոցառումներն ու գործադուլները, զենքի, զինամթերքի և ալկոհոլի վաճառքն արգելված է։
Հիշեցնենք, միայն Ալմաթիում բախումների հետևանքով տուժածների թվում են 137 ոստիկան և 53 քաղաքացիական անձ:
Այս տարվա առաջին օրերը խիստ լարված ու ոչ բարենպաստ էին Ղազախստանի կառավարության անդամների, նախագահի ու երկրի բնակչության համար: Երեկ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ հեղուկ գազի գնի գրեթե կրկնակի բարձրացումից հետո սկիզբ են առել բողոքի զանգվածային ցույցեր՝ ուղեկցվող անկարգություններով ու ծեծկռտուքներով:
Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գիշերը հրամանագրեր է ստորագրել Ալմաթիում և Մանգիստաու շրջանում հունվարի 5-19-ը արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ այնտեղ անկարգությունների վերածված ցույցերի պատճառով հասարակական անվտանգությունն ապահովելու համար: Այսօր առավոտյան երկրի կառավարությունը հրաժարական է տվել՝ համաձայնելով գազի գինը կրկին նվազեցնել, սակայն խոստումը հավատ չի ներշնչել քաղաքացիներին:
armtimes.com