Պատերազմում զինվոր կորցրած 27 մայր երեխայի է սպասում

  Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրին» դիմած՝ 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների մայրերից երկուսն արդեն երեխա են ունեցել, իսկ 27 կին հղիացել է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:

«Ծրագրի այս բաղադրիչը հաստատվեց 2021 թվականի փետրվարին, և դեռ տարին չի լրացել, բայց արդեն ունենք լավ արդյունքներ: Վստահ եմ, որ թիվն օր օրի պիտի փոխվի: Ծրագրի այս բաղադրիչի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Արդեն շուրջ 200 շահառու դիմել է: Այս մայրերը նույնչափ հերոս են, որքան իրենց զավակները: Նրանք որոշել են վերաիմաստավորել իրենց կյանքը և նոր կյանք պարգևել»,- ասաց Նունե Փաշայանը:

Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ վերարտադրողական բժշկության բուժական պրոցեսները երկար են տևում՝ միջինը 1.5 տարի:

«Ծրագրի շահառուների այս խումբը յուրահատուկ մոտեցում է պահանջում թե բուժական, թե հոգեբանական առումով: Դժվար փուլ է, որովհետև զույգերը սթրեսային վիճակում են, առողջական խնդիրներ ունեն, նույնիսկ հետազոտություններից հետո քաղցկեղ է հայտնաբերվել, սակայն հաղթահարում ենք»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը: Նա ընդգծեց, որ շտապել պետք չէ, անհրաժեշտ է հետևողական աշխատել շահառուների հետ: