Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ, երկրի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին սպանության սպառնալիքի պատճառով: Այս մասին նա հայտարարել է Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:
Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Ադրբեջանի նախագահն անդրադարձել էր Պեկրեսի՝ Արցախ կատարած այցին՝ նշելով, որ եթե Բաքվում տեղյակ լինեին այդ այցի մասին, ապա Պեկրեսին չէին թողնի Ֆրանսիա վերադառնալ: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա էր հանձնել։
«Ես մեկնել եմ Հայաստան, որովհետև ինձ շատ է հուզում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հարցը, և որովհետև շատ կարևոր է պաշտպանել Հայաստանը»,- հայտարարել է Իլ դը Ֆրանսի ղեկավարը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ և ավելի քան 200 գործիչներ հրապարակային դատապարտել են Ալիևի հայտարարությունը: