Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում ներկայացված զուսպ տեղեկատվության, ընդհանրական ձեւակերպումների մեջ եղած միակ որոշակի արտահայտությունից կարող ենք եզրակացնել, որ հանդիպումը տեղավորվում է հայ-թուրքական բանակցությունների հայկական տեսլականում։ Երկու երկրների ԱԳ նախարարությունների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Սա հենց այն էր, ինչի մասին խոսում էին հայկական քաղաքական եւ փորձագիտական շրջանակները, երբ շեշտում էին, որ հարաբերություններ կարգավորելու համար որեւէ նախապայման առաջ քաշելը բանակցությունները փակուղի կտանեն: Երկու երկրների միջեւ առկա հարցերը հետագայում կարելի է քննարկել դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո՝ քաղաքական, դիվանագիտական եւ հասարակական ձեւաչափերում երկխոսելու միջոցով, իսկ այս փուլում նախապայմաններով հարաբերություններ սկսելը խելամիտ քայլ չէր կարող համարվել: Այսօր հիմնական հարցը, որը հնչում է մեր հասարակության շրջանում, հետեւյալն է՝ արդյո՞ք Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մեր երկրում առավել խիստ է դրված ՀՀ զինված ուժերի բարեփոխումների եւ ժամանակակից սպառազինությամբ զինվելու հրամայականը: Այն ապահովելու համար առաջին հերթին պետք է հզորացվի ՀՀ տնտեսությունը: Պնդել, թե Թուրքիայի հետ սահմանների բացումը կամ հարաբերությունների հաստատումն առաջին պայմանն է տնտեսության զարգացման համար, հեռու է տնտեսական անալիտիկայի տրամաբանությունից: ՀՀ տնտեսության զարգացման համար առաջին հերթին համակարգային փոփոխությունների եւ զարգացման ռազմավարական ծրագրերն է անհրաժեշտ կյանքի կոչել, իսկ այս դեպքում Թուրքիայի հետ սահմանների բացումն ամենեւին առաջնային պայմաններից չէ: Դրանց փակ լինելու պայմաններում էլ թուրքական ապրանքները Բաթումիի եւ Բավրայի սահմանային անցակետերով միշտ էլ տեղափոխվել են Հայաստան, ընդ որում՝ ոչ միայն գյուղմթերքը, հագուստը եւ շինանյութը, այլեւ տարբեր արտադրությունների, մասնավորապես՝ տեքստիլ արտադրության հումքը: Սահմանների բացումն առավելագույնը կարող է որոշակի չափով նվազեցնել թուրքական ապրանքների փոխադրման ծախսերը, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիայում մեծ տոկոս է կազմում գնաճը, մասնավորապես հագուստը միայն վերջին մեկ տարում թանկացել է 20 տոկոսով, ապա սահմանների վերաբացումը էական ազդեցություն չի կարող ունենալ ներմուծվող ապրանքի ինքնարժեքի վրա: Որոշակի դրական արդյունքներ կարձանագրվեն Իրանից Հայաստան երկաթգծով ապանքներ տեղափոխելու, դրանք Վրաստան, ինչպես նաեւ լաստանավերով Ռուսաստան տարանցման առումով: Ավելին՝ սահմանների բացման դեպքում խնդիրներ կարող են առաջանալ հայկական գյուղատնտեսության եւ տեքստիլ արտադրության համար, որոնք կարող են չդիմանալ թուրքական էժան, թեկուզ՝ շատ ավելի անորակ ապրանքների մրցակցությանը: Մյուս կողմից էլ թուրքական կապիտալի ներհոսքը Հայաստան, հատկապես ծառայությունների ոլորտ, կարող է խնդիրներ առաջացնել, նաեւ՝ հայրենի արտադրողների, թուրքական ապրանքներին մրցակից ապրանքներ արտադրողների եւ այլ երկրներից դրանք ներկրողների համար: Վերոհիշյալ բոլոր ռիսկերը պետք է գնահատվեն, եւ ստեղծվեն համապատասխան հակազդող օրենսդրական մեխանիզմներ հայրենական արտադրությունը պաշտպանելու համար: Այս կարգավորող քայլերն անխուսափելիորեն պետք է արվեն բոլոր հնարավոր ներթափանցման ուղղությունների համար, եւ ոչ միայն` Թուրքիայի: Օրինակ՝ այսօր արդեն այն հաջողությամբ իրականացվում է իրանական էժան ապրանքների նկատմամբ համապատասխան հարկային մեխանիզմների կիրառման միջոցով ներքին արտադրողների համար մրցունակ եւ հավասար պայմաններ ապահովելու առումով: Մյուս կողմից էլ աներկբա է, որ պետության զարգացմանը չեն նպաստում փակ սահմանները, առավել եւս, որ Հայաստանի դեպքում դրանք հասնում են ընդհանուր սահմանների 70 տոկոսին: Հետեւաբար, Հայաստանի տնտեսության զարգացման նախապայմաններից մեկը փակ սահմաններ չունենալն է եւ գոնե եղած հաղորդակցությունների օգտագործումը: Միանշանակ կարող ենք պնդել, որ Հայաստանի զարգացման բանաձեւը մեկն է՝ հզոր տնտեսության միջոցով հզոր բանակ եւ պետություն: Ուժեղ Հայաստանը նաեւ Արցախի կարգավիճակի բանակցությունների սեղանի շուրջ նստած ուժեղ բանակցողն է: