Թուրքիան ստիպված է Եթովպիայում իր դեսպանատունը տեղափոխել Քենիա

 Թուրքիան, անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված է եղել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում գտնվող իր դեսպանության աշխատանքները շարունակել հարևան Քենիայից:

Ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի՝ սրա պատճառն այն է, որ Թուրքիայի վաճառած անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) օգնել են Եթովպիայի կառավարական բանակին հաջող մարտեր մղել այդ երկրի Տիգրեյ շրջանում բազավորված «Տիգրեյի Ժողովրդական ազատագրական ճակատի» ապստամբների դեմ:

Այս հանգամանքն էլ ապստամբների շրջանում Թուրքիայի նկատմամբ զայրույթ է առաջացրել՝ Թուրքիայի դեսպանությունը դարձնելով հավանական թիրախ խռովարարների համար: Հաղորդվում է, որ դեսպանությունը տեղափոխվել է դեռևս 2021-ի նոյեմբերին, սակայն դրա մասին Թուրքիայի արտգործնախարարությունն առ այսօր որևէ պաշտոնական հայտարարություն չի արել:

Նշենք, որ Անկարան պաշտոնական հայտարարություն չի արել նաև Եթովպիային անօդաչու թռչող սարքեր վաճառելու մասին, սակայն ամիսներ առաջ Թուրքիայի իշխանամերձ լրատվամիջոցներում մի շարք հրապարակումներ եղան, որոնցում գովաբանվում էին թուրքական արտադրության ԱԹՍ-ներն այն բանի համար, որ Եթովպիայի կառավարական բանակը դրանց շնորհիվ կարողացել էր փոխել զինված բախումների հունը հօգուտ իրեն: 

 

ermenihaber.am