Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Մոսկվա առաջացրել է Թեհրանի քաղաքական որոշ շրջանակների դժգոհությունը: Գործադիր իշխանությունից պահանջել են բացահայտել Ռուսաստանի Դաշնության հետ երկարաժամկետ ռազմավարական համաձայնագրի մանրամասները, որի նախագիծը հանձնվել է Կրեմլին այցի ընթացքում: Պայմանավորվածությունների շուրջ գաղտնիությունը կասկած է առաջացնում, որ Ռաիսիի վարչակազմը զիջումներ է արել կրեմլյան գործընկերներին, որոնք խոցելի են դարձնում Իրանը: Առանձին քաղաքագետներ ասում են, թե երկիրը վերածվում է «Չինաստանի եւ Ռուսաստանի գաղութի»: Իրանական «Արման» թերթի հետ զրույցում այաթոլլահ Հոսեյն Մուսավի Թաբրիզին դիմել է գործադիր իշխանությանը` հրապարակելու Մոսկվայի հետ ռազմավարական համագործակցության մասին 20-ամյա համաձայնագրի նախագծի բովանդակությունը: «Հասարակությունը չգիտի, թե այդ փաստաթուղթն ինչ կետեր ունի, եւ ինչ շահ կստանա Իրանը,- բացատրել է քաղաքագետը:- Ահա թե ինչու իմ խնդրանքն այն է, որ կառավարությունը հրապարակի այդ պայմանագրերն ու դրանց մանրամասները»: Թաբրիզին չի բացառել, որ փաստաթղթի մշակման ժամանակ Իսլամական Հանրապետության հետաքրքրությունները կարող են չհամընկնել Մոսկվայի հետաքրքրությունների հետ, իսկ պայմանագրերից վնասը կարող է ավելին լինել, քան հնարավոր օգուտը: «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն արժանի է վստահության»,- շեշտել է նա: Խոսքն այն համաձայնագրի մասին է, որը կնքվել է 20 տարի առաջ: Փաստաթուղթն ավտոմատ կերպով պետք է երկարաձգվի 5 տարին մեկ, սակայն որոշ ժամանակ առաջ իրանցիները հանդես եկան դրա վերամշակման օգտին: Պայմանագրի տարբերակներից մեկը Ռաիսիի այցի ընթացքում փոխանցվել է ռուսական կողմին: «Մենք կարծում ենք, որ այդ փաստաթուղթը, իհարկե, կորոշի երկարաժամկետ հեռանկարում ռազմավարական գործակցությունը,- նշել է Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում:- Ոչ մի սահմանափակում չկա մեզ բարեկամ երկրի` Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման համար, եւ այդ հարաբերությունները ռազմավարական կլինեն»: Իրանի վարչակազմի ղեկավարը նշել է, որ երկու երկրների կապերը «կարճաժամկետ կամ դիրքային չեն լինի»: Մեկնաբանելով Կրեմլի հետ ռազմավարական գործարքի վրա աշխատանքը` իրանական ազդեցիկ բարեփոխիչ Մոհամմադ Զարե-Ֆումանին բաց հայտարարել է, որ իր երկիրը վերածվել է «Չինաստանի ու Ռուսաստանի գաղութի», որոնք, նրա խոսքերով, զբաղվում են «Իրանի տնտեսության փլուզմամբ»: Քաղաքական գործիչը նկատի ունի անցյալ տարի Թեհրանի եւ Պեկինի միջեւ կնքված բազմակողմանի համագործակցության մասին 25-ամյա համաձայնագիրը։ Դրա մշակումն ուղեկցվել է նաեւ լուրերով, որ իրանական կողմը պատրաստ է իր ինքնիշխանությունը փոխանակել տնտեսական եւ ռազմական օգնության հետ։ Ի դեպ, այն, որ Չինաստանի հետ գործարքը մնում է գաղտնի, Իսլամական Հանրապետության պաշտոնյաները բացատրել են չինական կողմի դիրքորոշմամբ, որը հրապարակայնություն չի ցանկանում։ «Արման» թերթը նաեւ մեջբերել է իրանական առեւտրի պալատի ներկայացուցիչ Մասուդ Դանեշմանդի խոսքերը: Վերջինս կասկած է հայտնել, որ Մոսկվայի հետ ռազմավարական պայմանագրի ստորագրումը Թեհրանին նկատելի օգուտ կբերի: «Մենք 20-ամյա պայմանագիր ունենք, որի ժամկետը լրանում է այս տարի,- հիշեցրել է նա:- Բայց առանց պատասխանի է մնում հարցը, թե այդ համաձայնագիրն ինչ օգուտ է տվել Իրանին միջազգային պատժամիջոցների շրջանում»: Դանեշմանդն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Իսլամական Հանրապետությունը չի կարող վստահ լինել Ռուսաստանի դիվանագիտական աջակցությանը նույնիսկ այն դեպքում, եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հանկարծ հավանություն տա Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. hhpress.am