Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Մենք Բորիս Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ հաստատեցինք նրա հետ, որպեսզի իմանանք, թե ինչում են նրան մեղադրում։ Գրավոր հարցեր փոխանցեցինք եւ ստացանք գրավոր պատասխան։ Նա սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ, եւ խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»: Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջապես ես ձեզ կարող եմ տեղեկություններ հայտնել, որոնք կքողազերծեն այն, ինչ Նիկոլը փորձում է բոլորիցդ թաքցնել: Նախ փորձեմ պարզաբանել իմ ձերբակալության հանգամանքները, որոնք նիկոլահպատակ ԶԼՄ-ները փորձում են ձեզ ներկայացնել խեղաթյուրված: Ռուսաստանում իմ ձերբակալությունն իրականացվել է Հայաստանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա եւ պայմանավորված է վերջինիս ցանկությամբ` ինձ ամեն գնով վերադարձնելու Հայաստան: Երկրորդ․ ձեզ կպատմեմ, թե ինչ կապ ունեմ ես մաքսային վճարումներից խուսափելու պատմության հետ: