️ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները շարունակում են ուժեղացված ռեժիմով հերթապահությունը։
2021 թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերված, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ կետով ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ կորոնավիրուսային թեստի, պատվաստման սերտիֆիկատի կեղծ բացասական պատասխաններ պատրաստելու և իրացնելու կասկած հարուցող դեպքերից 9-ով, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի կողմից հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից 5 դեպքով գործերն արդեն ուղարկվել են դատարան։
Վ․ Մ․-ն, Ա․ Մ․-ն, Ա․ Մ․-ն և Գ․ Գ․-ն ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ կորոնավիրուսային թեստի կեղծ բացասական պատասխաններ են պատրաստել և իրացրել։ Քրեական գործը հարուցվել է 2021 թ-ի օգոստոսի 27-ին։
2021 թ-ի օգոստոսի 23-ին Ա․ Կ․-ն՝ կնոջ Ա․ Հ․-ի և 7-ամյա որդու հետ, Շարմ-էլ-Շեյխից ժամանել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության բացասական արդյունքը հավաստող ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատներ։
2021 թ-ի օգոստոսի 15-ին Տ․ Թ․-ն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ներկայացրել է բժշկական կեղծ փաստաթուղթ՝ Covid-19-ի պատրաստի թեստի պատասխան։ Գործն ուղարկվել է դատարան։
Լ․ Մ․-ն 2021 թ-ի հոկտեմբերի 18-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ներկայացրել է Covid-19 համավարակի դեմ պատվաստված լինելու կեղծ վկայական։ Գործի վարույթը կասեցվել է ՀՀ ՔԴՕ 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ):
Հ․ Օ․-ն, Ս․ Ա․-ն, Ա․ Խ․-ն և Ա․ Թ․-ն Տեսչական մարմնի աշխատակիցներին ներկայացրել են իրենց բջջային հեռախոսների մեջ առկա Covid-19 համավարակի ՊՇՌ թեստի կեղծ պատասխաններ։ 01.12.2021 թ-ին հարուցվել է 3 քր․ գործ, որոնք միացվել են և 1 վարույթով ուղարկվել դատարան։
Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ կեղծարարություններից, պահպանել ՀՀ կառավարության 1514-Ն որոշմամբ սահմանված ՀՀ մուտք գործելու պահանջները։