Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ոչ ոք, այդ թվում՝ տարածաշրջանի մյուս պետությունները, շահագրգռված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների սրմամբ՝ գրում է ТАСС-ը։
«Ոչ ոք պատերազմ չի ուզում, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ այս տարածաշրջանում ապրող այլ երկրներ: Իհարկե, սադրանքների ռիսկերը շատ մեծ են: Սա պետք է հաշվի առնել և խուսափել դրանցից»,- ասել է Զասը:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «զորավարժությունները, որոնք կանցկացվեն Բելառուսի տարածքում, կրում են զուտ պաշտպանական բնույթ»։ «Դա Բելառուսի և Ռուսաստանի ներքին գործն է, որոնք այս զորավարժություններն անցկացնում են իրենց տարածքում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
«Դաշնակցային վճռականություն — 2022» ռուս-բելառուսական զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 10-20-ը Բելառուսի տարածքում՝ Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումների շրջանակում։