Աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այցի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Կողմերը քննարկել են ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների օրակարգային, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության հարցեր։ Երկուստեք ընդգծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կարևոր դերը Հայաստանի տնտեսության համար և քննարկվել են կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի օրակարգային հարցերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին: